ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ՍԴ որոշման չկատարումը, ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի, կսրի երկրում քաղաքական իրավիճակը։
«Պարոն Քոչարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, որի հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է, մեծ խնդիրներ են ստեղծում մեր երկրի համար ոչ միայն ներքաղաքական, երբ անընդհատ ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակիների վտանգ կա, այլև, բացահայտ եմ նշում, պարոն Փաշինյանի այս նախաձեռնության արդյունքում բավական խնդիրներ ունենք արտաքին քաղաքականության ոլորտում և կոնկրետ, Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Ի վերջո, այս հարցը պետք է լուծում գտնի, և այդ ամենի լուծման վերջնագիծը պետք է տրվի իշխանությունների կողմից»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
«Իշխանություններն իրենք պետք է հասարակությանը ներկայացնեն, թե ինչ է Սահմանադրական դատարանի որոշումը։ Որոշ իրավաբաններ բավական լուրջ թեզիսներով, ապացույցներով ներկայացնում են, որ ՍԴ որոշման համաձայն, պարոն Քոչարյանը պետք է ազատ արձակվի։ Իշխանամետները և կոնկրետ գլխավոր դատախազությունն այլ ուղղությամբ են տանում, լրիվ շիլաշփոթ է ստեղծվել հարցի շուրջ, որը պետք է լուծում ստանա»,- ասաց Գագիկ Համբարյանը։
«Ընդհանուր առմամբ, Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող գործընթացներում որևէ իրավական խնդիր չկա։ Ի սկզբանե դա եղել է քաղաքական և շարունակում է քաղաքական մնալ։ Քանի որ ի սկզբանե հարուցված գործը այդպես էլ խտրական է եղել, տարընթերցումների պատճառ է։ Բացի այդ, հասարակության 90 տոկոսը մինչև հիմա չգիտի, որ Ռոբերտ Քոչարյանին դատում են ոչ թե մարտի 1-ի տասը զոհերի համար, այլ մի հոդվածով, որը 2008 թվականի մարտի 1-ին քրեական օրենսգրքում չի էլ եղել»,- եզրափակեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը