Օգոստոսի 28-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Ողջունելով Զարեհ Սինանյանին Կիպրոսում՝ Ֆոտիսը կարևորեց արդեն ձևավորված երկկողմ հարաբերությունները, անդրադարձավ երկու պետությունների սփյուռքների միջև համագործակցության խորացմանն ուղղված ռազմավարության մշակման անհրաժեշտությանն ու հույս հայտնեց, որ սփյուռք-սփյուռք կապերի խորացումը կլինի նաև մեր երկրների կառավարությունների օրակարգերում: Կիպրացի պաշտոնյան առանձնակի ոգևորությամբ խոսեց Կիպրոսում հայ համայնքի կազմակերպվածության, ինտեգրման բարձր աստիճանի, միևնույն ժամանակ ինքնությանը և արմատներին կառչած մնալու մասին:
«Կիպրոս պետությունն ամեն բան անում է, որպեսզի հայ համայնքը ճանաչի իր պատմությունն ու պահպանի ինքնությունը, այդ նպատակով կառավարությունն աջակցում է հայկական կազմակերպություններին, դպրոցներին և եկեղեցուն»,-նշեց Ֆոտիու Ֆոտիսը՝ բարձր գնահատելով նաև Կիպրոսի ներկայացուցիչների պալատում կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանի գործունեությունը: Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարը նշեց նաև, որ քննարկվում է Կիպրոսում Հայաստանի թանգարան կառուցելու նախագիծը, որի ֆինանսավորումը ակնկալվում է Եվրոպական միությունից: «Այս թանգարանը կարևոր կլինի ոչ միայն հայ համայնքի, այլև Հայաստանի և յուրքանչյուր մարդու համար, որը կայցելի Կիպրոս»,-նշեց Ֆոտիսը:
Զարեհ Սինանյանը ողջունեց թանգարանի կառուցման գաղափարը և աջակցության պատրաստակամություն հայտնեց: Ըստ Գլխավոր հանձնակատարի՝ Հայաստանի և Կիպրոսի պատմական ընդհանրությունները էապես նպաստում են երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, և սփյուռքի գծով համատեղ աշխատանքները նոր թափ են ստանալու:
«Կիպրոս պետության՝ հայ համայնքին ցուցաբերվող վերաբերմունքը բացառիկ ու փայլուն օրինակ է, և սա խոսում է այս երկրի բարձր արժեհամակարգի մասին»,-նշեց Զարեհ Սինանյանը: Կողմերն անդրադարձ կատարեցին համատեղ փոխըմբռնման հուշագրի ընդլայնմանը, նոր գաղափարների մշակմանը, երկու սփյուռքների երիտասարդական ներուժի համախմբմանը, երիտասարդական հավաքների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը, ակտիվ փոխայցելություններին, ինչպես նաև այս համագործակցության միջոցով երկու երկրների տնտեսական, մշակութային և բիզնես կապերի սերտացմանն առնչվող հարցերի:
Այնուհետ հանդիպումը շարունակվեց եռակողմ ձևաչափով և կողմերին միացավ նաև Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ հունական սփյուռքի հարցերով տեղակալ Անտոնիս Դիամատրիսը:
Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության շրջանակներում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեք երկրների սփյուռքների կազմակերպված կառույցների, կազմակերպությունների և համայնքներ միջև համագործակցության խրախուսումը, երիտասարդական ցանցերի ստեղծումը և հավաքների կազմակերպումը, մասնագիտական հարթակների մշակումը, հայտնի մասնագետների միջև կապերի հաստատումը, սփյուռք-սփյուռք համագործակցության միջոցով նաև երեք պետությունների տնտեսական, զբոսաշրջային, ներդրումային կապերի արապնդումը, համատեղ օրակարգերի մշակումը և տարբեր համայնքերում միասնական միջոցառումների կազմակերպումը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը