27 08 2019

Ինչո՞ւ հիշեցին Գագիկ Խաչատրյանին. 7or.am

Ինչո՞ւ հիշեցին Գագիկ Խաչատրյանին. 7or.am

7or.am-ը գրում է.

«Եթե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո ոմանք հավատում էին, որ նա հավատարիմ է մնալու իր խոստումներին, այն է՝ քաղաքական վենդետտաներ չի իրականացնելու, դատարանների աշխատանքներին չի միջամտելու, անշահախնդիր ու քաղաքական ենթատեքստից դուրս հակակոռուպցիոն պայքար է տանելու, ապա հիմա միայն ավարտված պողոսներն են այդ ամենին հավատում ու պաշտպանում նրա քայլերը:

Ողջամիտ ու չպողոսացված զանգվածի համար պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը կոպտորեն միջամտում է դատական որոշումների կայացմանը (Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հայտնի հեռախոսազրույցներն ասվածի վառ ապացույցն են), քաղաքական հետապնդումներ է իրականացնում՝ անձնական վրեժխնդրությունից ու բարդույթներից ելնելով, հակակոռուպցիոն պայքար է մղում կասկածելի մեթոդներով ու կասկածելի նպատակներով:

Նիկոլի համար քաղաքական հնչեղություն ունեցող քրեական գործերը ծառայում են երեք հիմնական նպատակի՝

1. սեփական վարկանիշի գահավիժումը դանդաղեցնելուն,

2. շանտաժի միջոցով փող հավաքելուն, ընդ որում՝ ոչ թափանցիկ տարբերակով,

3. հանրային դժգոհությունների գոլորշին բաց թողնելուն:

Ամուլսարի հետ կապված՝ Փաշինյանը դժվար դրության մեջ է հայտնվել: Եթե թույլ տա հանքի շահագործումը, ապա խնդիրներ կունենա: Եթե թույլ չտա «Լիդիանին» աշխատել, ապա կրկին խնդիրներ կունենա:

Առաջին անգամ պողոսները սկսել են հավատալ այլ դեմագոգների ու հայհոյել Նիկոլին: Դա է պատճառը, որ «ժողովրդի» վարչապետը չի կարողանում որոշում կայացնել:

Նրան հիմա մեկ այլ աղմուկ է հարկավոր Ամուլսարի աղմուկը խլացնելու համար: Եվ ահա, այդ աղմուկն ապահովելու համար ԱԱԾ-ին կրկին ներգրավում են քաղաքական գործընթացներ:

Բանն այն է, որ ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի դեմ են գործողություններ իրականացվում: Խուզարկվում է նրան պատկանող սեփականությունը, ու չի բացառվում, որ նրան ձերբակալելու որոշում կայացվի:

Պարզից էլ պարզ է, որ հենց այսօր այսպիսի գործ պետք էր Նիկոլին զուտ քարոզչական ու քաղաքական նպատակներով: Նիկոլին հնչեղություն է պետք և թամաշա: Իսկ թե կողքից էլ ինչքան փող կկպնի, արդեն այլ հարց է: Դա հետագայում կիմացվի՝ Փաշինյանի դեմ հարուցվելիք կոռուպցիոն գործի շրջանակներում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ