23 08 2019

Անգրագետ Պողոսի ոդիսականը. Արթուր Ղազինյան

Անգրագետ Պողոսի ոդիսականը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին հայկական սոց ցանցերում քննարկվում է «անգրագետ Պողոսի» պետության համար կենսական հարցերում որոշում կայացնելու հնարավորություն տալու հարցը։

Կարևոր հարց է, ինչ խոսք։

Բայց շատ տարօրինակ է, որ այդ հարցը բարձրացնում է իշխանության էլիտայի ներկայացուցիչը, որը շատ հեռու է «անխելք» լինելուց։

Չէ՞ որ «ժողովրդի սրտի» վարչապետի ձևավորած խորհրդարանը շատ մեծ վերապահումով կարելի է ասոցացնել մտքի, գաղափարի, ինտելեկտի և, վերջապես, խելքի հետ։

Ցանկացած երկրում հասարակության մեծամասնությունը կրթական բարձր ցենզ և խորքային ընկալում չունի պետական քաղաքականության կենսական բաղադրիչների մասին, հեշտությամբ խաբվում է պոպուլիզմին, մանիպուլացվում է քաղաքական մանիպուլյատորների կողմից, եթե դրանց չեն հակադրվում գաղափարը, միտքը և ծրագրային ապահովումը, այսինք իրական քաղաքական օրակարգը։

Իրական քաղաքական օրակարգի ձախողումն ու բացակայությունը ստեղծում են «ժողովրդի սրտի վարչապետի, նախարարի և պատգամավորների» հասարակական պահանջ, որի լրացնող է դառնում անգրագետ Պողոսը, կամ մեր օրերի Գավրոշը։

Հեղափոխական Գավրոշը, կամ «անգրագետ Պողոսը» դառնում են օրակարգերի մշակող, որին հետևում են «իզմերը» մերժող Նիկոլը, և չգիտես ինչի համար խորհրդարանում հայտնված գրագետ, կրթված ու «իզմերին» հավատացող Բաբկենը։

«Անգրագետ Պողոսին» ինչ որ բան որոշել չթողնելու պատճառով գրագետ և կրթված Բաբկենը մերժում է հանրաքվեն, ասելով որ Պողոսը չի կարող որոշել Ամուլսարի հանքի ճակատագիրը, քանի որ չունի բավարար գիտելիքներ, կրթություն, համալիր պատկերացում խնդրի վերաբերյալ։

Միգուցե ճիշտ է ասում, կարող է իրոք չունի։

Բայց եթե անգրագետ Պողոսը իրավունք չունի մասնակցել Ամուլսարի հանքի որոշմանը, ապա առնվազն տարակուսանք է առաջացնում Պողոսի բացարձակ իրավունքը ձևավորել «ժողովրդի սրտի վարչապետ, կառավարություն և խորհրդարան»։

Մի տեսակ անարդար չի՞ վարվում ամեն ինչ որոշող և վարչապետ Պողոսի հանդեպ ժողովրդի սրտի պատգամավորը։

Չէ որ երբ պետք էր իշխանություն վերցնել, Պողոսը որոշում էր ամեն ինչ ու վարչապետ էր, բայց երբ խանգարում է «ժողովրդի սրտի վարչապետին և պատգամավորներին», արդեն անգրագետ է և պետք է հեռու մնա կարևոր որոշումների ընդունումից։

Այս ամենի արդյունքում հետևություններ պետք է անեն խաբված ու մոլորեցված Պողոսները, որոնք ձեռքի թեթև հպումով ամեն ինչ որոշող վարչապետից դարձան սովորական անգրագետներ։

Ինչպես ասում են, ալավերդին փոխանցեք Պողոսներին, сейчас ваш выход, товарищи» :

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ