22 08 2019

Ինչո՞ւ Կոստանյանը չմտավ պետական համակարգ. socialmedia.am

Ինչո՞ւ Կոստանյանը չմտավ պետական համակարգ. socialmedia.am

socialmedia.am-ը գրում է.

«Միքայել Մինասյանը վերջերս հրապարակված իր «Ինչո՞ւ եղավ «հեղափոխությունն», ինչպե՞ս վերաբերվել դրան» հոդվածում հնչեցնում է մի միտք, որը որոշ մտորումների տեղիք է տալիս:

Ընդհանուր առմամբ միտքը հետևյալն է` հեղափոխությունից (կամ ինչպես հեղինակն է պնդում` իշխանափոխությունից) հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն պրոֆեսիոնալների թիմ ձևավորելու և կարճ ժամանակում երկրի համար կարևոր նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում շոշափելի արդյունքներ հասնելու համար: Սակայն, իշխանությունը ընտրեց վրեժի ճանապարհը, իսկ նման իրավիճակում ոչ մի լուրջ պրոֆեսիոնալ չի կապի իր կյանքը նման իշխանությունների հետ, քանի որ լավ է հասկանում, որ վրեժը վրեժ է ծնում: Հասկանալի է, որ Միքայել Մինասյանի այս միտքը զուտ վերացական վերլուծության արդյունք չէ, այն անկասկած հիմնված է նաև նախկին և ինչու չէ նաև ներկա տարբեր տրամաչափի պրոֆեսիոնալ պաշտոնյաների մոտ առկա իրական տրամադրությունների մասին ունեցած ինֆորմացիայի վրա:

Եկեք տեսնենք, թե պրոֆեսիոնալների հետ իրենց հարաբերությունները ինչպե՞ս կառուցեցին ներկա իշխանությունները: Ամենավառ օրինակներից մեկը թերևս նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեպքն էր: Դեռևս 2018թ. հոկտեմբերի 8-ին Կոստանյանը հստակ հայտարարեց, որ իր կարծիքով Փաշինյանը ազնիվ է իր նպատակների մեջ, ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, և եթե այս ամենը ուղղված է երկրի բարօրությանը, ինքը միշտ կկանգնի նրա կողքին:

Փաստորեն Կոստանյանը Ն. Փաշինյանի կառավարությանը աջակցություն է հայտնել խիստ վերապահումով ՝ «եթե այդ ամենը ուղղված է երկրի բարօրությանը»։ Այս հայտարարությունից օրեր առաջ Կոստանյանը նույնիսկ հանդիպել էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ և ըստ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառման` նրանք քննարկել էին առկա քաղաքական, ինստիտուցիոնալ, սահմանադրական խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Այսինք` ակնհայտ էր, որ սկսվել էր պրոֆեսիոնալ կադրին իշխանության մեջ ներգրավելու օպերացիան: Սակայն, այս հայտարարություններից անցել է մոտ տասը ամիս, և մենք Կոստանյանին չենք տեսնում Նիկոլ Փաշինյանի կողքին կամ նրան աջակցելիս: Դեռ ավելին` մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` Կոստանյանը աշխատանքի է անցել Մոսկվայում: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ Կոստանյանը չներգրավվեց թիմում, չէ որ ակնհայտ էր, որ Արարատ Միրզոյանը Փաշինյանի նպատակները ազնիվ համարող Կոստանյանի հետ հանդիպման մտերմիկ լուսանկարով հենց այնպես չէր կիսվել հանրության հետ: Բայց դա մնաց ընդամենը որպես լուսանկար-հուշ և վերջ։

Հիշեցնենք, որ Կոստանյանը, ի տարբերություն ՀՀԿ 12 պատգամավորների, որոնք փաստաթուղթ ստորագրեցին՝ աջակցելով Ն. Փաշինյանին, խուսափեց ստորագրել այն և սահմանափակվելով իր վերապահումով հայտարարությամբ՝ քաղաքական հաջող մանևր արեց՝ «շուստրիություն» դրսևորելով։ Եվ այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ։

Նախկին պրոֆեսիոնալներից ցայսօր լուսանցքում է մնացել Դավիթ Հարությունյանը, ԲԴԽ-ն լքած Գևորգ Դանիելյանը ու էլի շատ պաշտոնյաներ, որոնք իրենց ոլորտում օրինակներ էին։ Նրանք այսօր դիտորդի կարգավիճակ են ստանձնել և դիտարկում են գործընթացները։

Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ գոնե լուսանկարի հրապարակման պայմաններում չէր կարող հստակ առաջարկ արված չլինել կոնկրետ Կոստանյանին, ինչպես դա արվել էր մյուս նախկին պրոֆեսիոնալներ Արթուր Վանեցյանին, Դավիթ Տոնոյանին, Զոհրապ Մնացականյանին և այլոք։

Ահա այստեղ հարկ է կրկին հիշել Միքայել Մինասյանի միտքը և արձանագրել, որ հնարավոր է, որ Կոստանյանը, աջակցություն հայտնելով Փաշինյանի ազնիվ նպատակներին, ի տարբերություն վերը նշված պաշտոնյաների, ժամանակ է ունեցել գնահատելու նաև Փաշինյանի կոնկրետ գործողությունները ու նրբորեն մանևրել է իշխանությունների հետ համագործակցությունից՝ այդպիսով ըստ էության խուսափելով հանցակցությունից: Լինելով քրեական իրավունքի մասնագետ, կրկին ի տարբերություն վերը նշված պաշտոնյաների, հնարավոր է՝ նա հասկացել է, որ ազնիվ նպատակների համար այսօր ծափողջյունների արժանացողներին վաղը կարող են քրեական պատասխանատվության ենթարկել թեկուզ և ազնիվ նպատակներով արված պետական մասշտաբի լուրջ բացթողումների, եթե չասենք հանցագործությունների համար: Ու այս պայմաններում հետաքրքիր կլիներ իմանալ թե Վանեցյանը, Տոնոյանը, Մնացականյանը և շատ ու շատ այլ պրոֆեսիոնալներ, եթե ժամանակ ունենային Փաշինյանի ազնիվ նպատակներից բացի տեսնելու և գնահատելու նրա իրական գործողությունները արդյո՞ք կկապեին իրենց ապագան վրեժխնդիր իշխանության հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ