Zham.am-ը գրում է․ «Դատեք ինքներդ, երեկ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում էր Սահմանադրության օրը, բնականաբար, տարբեր մարդիկ տարբեր տեսակետ ունեն այդ տոնի առթիվ: Օրինակ` տեսակետ կա, որ Սահմանադրությունը այդպես էլ չդարձավ մարդկանց համար գործելու փաստաթուղթ, դրա համար էլ այդ օրը մարդկանց ճնշող մեծամասնությունը չի նշում: Երեկվա լուրերում փորձ էր արվում բացատրել, թե ինչու մարդիկ լուրջ չեն վերաբերվում այդ խնդրին:
Պարզվում է, որ ընդունվեց լավ Սահմանադրություն, իսկ ահա 2005 թ.-ին «մութ ուժերը» Քոչարյանի գլխավորութամբ վիժեցրին նախկինում ընդունված այդ «փայլուն» փաստաթուղթը: Բացի այդ՝ 2005 թ.-ի հանրաքվեն անցավ կոպիտ խախտումներով և վերջնաարդյունքում այն կեղծիքով ընդունվեց:
Հետաքրքիր էր, որ այդ սյուժեի գլխավոր հերոսը՝ Գագիկ Ջհանգիրյանը, Հայաստանում կեղծիքների հիմնադրման գլխավոր գործիչն է: Որից էլ հայտնի դարձավ, թե ինչպես էր պատրաստվել այդ սյուժեն: Օրինակ՝ նա համեմատելով 1995-ի և 2005-ի Սահմանադրությունները նշեց, թե իբր 2005 թ.-ի Սահմանադրությունը «սողանցք թողեց բանակի միջամտության համար քաղաքական կյանքում»՝ ակնարկելով 2008-ի մարտի 1-ը: Մոռանալով, որ իր կողմից հեղինակած Սահմանադրության ընդունումից հետո՝ 1995-ին եղավ 1996-ի բանակի միջամտությունը ընտրական գործընթացներին: Սրանք միայն այս փարիսեական մոտեցումների մի մասն էր:
Իսկ իրականությունն կայանում է նրանում, որ, թե 1995-ի, թե 2005-ի և թե 2015-ի սահմանադրական հանրաքվեները կեղծվել են: Սակայն ամենաբիրթն եղել է հենց 1995-ի կեղծումը: Քանի որ նախ դա առաջինն էր, ապա դրանով երկրում հիմնադրվեց հանրաքվեները կեղծելու ավանդույթ: Բացի այդ 1995-ին նույնիսկ պաշտոնապես օրենքը խախտելով, այն 2 ժամով երկարաձգվեց, որն աննախադեպ էր նույնիսկ Հայաստանի համար: Բնականաբար այս ամենի մասին ոչինչ չխոսվեց: Ավելին, եթե ձևի համար հակառակ կողմից խոսացրին Դավիթ Հարությունյանին, ապա ողջ սյուժեն պատրաստված էր գեբելսյան քարոզչամեքենայի աշխատանքի ավանդույթով:
Ավելին՝ այսօր նույնիսկ ոչ մասնագետներն են խոստովանում, որ նույնիսկ իր ակնհայտ բացասական կողմերով 2005-ին ընդունված Սահմանադրությունը 1995-ի Սահմանադրության հետ համեմատ դեմոկրատիայի օրինակ կարելի էր համարել, քանզի 1995-ին ընդունվել էր ոչ թե Սահմանադրություն, այլ հետադիմական բռնատերերի համար գրված փաստաթուղթ:
Սակայն այսօր մենք ապրում ենք «Նիկոլի ժամանակների Հայաստանում», որտեղ կարելի է հայտարարել, որ, օրինակ, «մածունը սև է, իսկ գլխավոր կեղծարարը գլխավոր դեմոկրատն է»:
Պարզ է, որ այս ամենի ժամկետը սահմանափակվելու է պատկերավոր ասաց «40 օրով», որից հետո բոլորը իրար աչքերի մեջ են նայելու և ամաչելու են իրարից, թե ինչպես եղավ, որ այս ամենը հանդուրժվեց, թեկուզ և կարճ ժամանակահատվածով:
Սակայն ինչպես ասում են, դա արդեն այլ պատմություն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը