ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս տարվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի դեմ, իսկ մյուս երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ:
Վերը նշված վեց գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:
Նշենք, որ երեք գործերով ընդհանուր առմամբ պատգամավորը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ:
«Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի կայքի` newspress.am-ի գլխավոր խմբագիր Արիանա Հովսեփյանը «Հետք»-ին ասել է, որ առաջին անգամ է լսում հայցերի մասին: Նշել է, որ մամուլի ակումբը տևական ժամանակ է ասուլիսներ չի կազմակերպում և իրենք չեն ստացել պատգամավորի ներկայացրած հայցադիմումները, ուստի տեղյակ չեն, թե ինչի համար է իրենց դատի տվել եւ ինչ պահանջով:
«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի լրագրող Իլոնա Ազարյանն էլ փոխանցել է, որ Հայկ Սարգսյանն իրենցից պահանջում է 1 մլն դրամ, որից 300 հազար դրամը վիրավորանքի, իսկ 700 հազար դրամը՝ զրպարտության համար:
«Հետք»-ը փորձել է պարզաբանում ստանալ նաև պատգամավոր Հայկ Սարգսյանից: Նա ասել է, որ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:
Ոչ մի գործով դեռ վճիռ չի կայացվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը