27 06 2019

Մոսկվան մեզ չի վստահում, Վաշինգտոնը նյարդայնացած է. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը. Zham.am

Մոսկվան մեզ չի վստահում,  Վաշինգտոնը  նյարդայնացած է. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը. Zham.am

Zham.am-ը գրում է.

Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հաճախ էր նշում, որ այսուհետ իր արտաքին քաղաքականությունը «արժանապատիվ» բնույթ է կրելու ի տարբերություն նախորդների, որոնք վարում էին, ըստ նրա` «ֆորպոստային»  քաղաքականություն: Այս մեկ տարվա ընթացքում Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դարձավ իր անձնական կապրիզները սպասարկելու  գործիք, որի արդյունքում Հայաստանի դիրքերը աշխարհում ոչ միայն չուժեղացավ, այլև  մենք գրեթե բոլոր շրջանակների համար դարձանք «անհասկանալի ու անվստահելի»: Մոսկվան մեզ չի վստահում,  Վաշինգտոնը  նյարդայնացած է, որ Փաշինյանը Սիրիա զորախումբ է ուղարկում, իսկ Եվրոպան  սկսել է քմծիծաղով  վերաբերվել մեր երկրին:  Այս ամենից, բնականաբար, մենք ոչինչ չշահեցինք: Եվ դա բնական էր, քանզի մեկ մարդու անձնական կապրիզները սպասարկող ո՞ր երկրի արտաքին քաղաքական ուղին է արդյունք տվել:

Բայց այն ինչ որ կատարվեց ԵԽԽՎ-ում բացահայտեց մեկ այլ փաստ: Պարզվում է, որ ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ միայն Փաշինյանի, այլև այլ մարդկանց անձնական կապրիզները բավարարելու հիման վրա:

Պարզվում է, որ բացի Փաշինյանից, օրինակ՝ ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը ևս ունի անձնական շահեր, Հայաստանից դուրս: Ավելին՝  այդ շահերը ոչ մի կապ չունեն Հայաստանի հետ, և նույնիսկ որոշ դեպքերում ուղիղ հակասում են մեր շահերին: Բայց քանի որ Հայաստանն այսօր անտեր վիճակում է մնացել, և ուրեմն ինչու՞ պիտի Հովհաննես Իգիթյանը նույնպես իր անձնական շահերը վեր չդասի մեր շահերից: Հետո ինչ, որ Հայաստանի «արժանապատիվ քաղաքացիների» ջանքերով Իգիթյանը ով դրսի արևմտյան ֆոնդերի  շահերն է սպասարկում համատեղության կարգով օժտվել է երկրի բարձր պաշտոնից:

Սա  ցույց է տալիս, թե ինչ ողորմելի վիճակի մեջ է հայտնվել մեր երկիրը, երբ  այդ մարդիկ երկրի անունից սեփական շահերի սպասարկումով են զբաղված: Հավանաբար դա էր Փաշինյանի «արժանապատիվ արտաքին քաղաքական ուղենիշը»: Բայց մեզ՝ որպես հանրություն, հասնում է այս ամենը: Քանզի, երբ աճպարարները խաբեության միջոցով մեծ գումարներ են կորզում, ապա դրա մեջ գլխավոր մեղքը խաբվածներինն է:

Ամոթ է, որ 21 դարում մարդիկ իրենց թույլ տան այս աստիճանի նվաստացնեն: Միայն թերզարգացած, տգետ հանրությունների պարագայում է, որ պետական չինովնիկները օրը ցերեկով իրենց նեղ անձնական շահերը հետապնդելով այս աստիճանի ծաղրում են իրենց քաղաքացիներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ