25 06 2019

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Մամեդյարովի պնդումները

ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Մամեդյարովի պնդումները

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ: Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել էր, որ համակարտության լուծումը պետք է լինի փուլային:  Մամեդյարովի խոսքով՝ Վաշինգտոնում համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, որում գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը «պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից»:

«Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»,-ասել էր Մամեդյարովը: ՀՀ ԱԳՆ-ն պնդում է, որ այս հայտարարությունն ապատեղեկատվություն է։

Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում նշվում է․

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ