22 06 2019

Ինչու՞ է իշխանությունը ՍԴ-ն վերցնում «կոնտրոլի» տակ. hraparak.am

Ինչու՞ է իշխանությունը ՍԴ-ն վերցնում «կոնտրոլի» տակ. hraparak.am

Սահմանադրագետների եւ իրավունքի մասնագետների գերակշիռ հատվածն «իրավագիտական անգրագիտություն ու աբսուրդ» է որակում Վահե Գրիգորյանի հայտարարությունները։ Երկու օրերի քննարկումներից հետո հարց է ծագում՝ մի՞թե Վահե Գրիգորյանը, լինելով փորձառու փաստաբան, «իրավագիտական տգիտություն» է դրսեւորում, մի՞թե նա Հայաստանում միակ մարդն է, որ հասկանում է, իսկ մյուս բոլորը ոչինչ չեն հասկանում օրենքից ու սահմանադրականությունից։ Տեղեկություն կա, որ այս ծրագիրը՝ ՍԴ-ի հետ կապված, կազմվել է դեռ այն ժամանակ, երբ հոկտեմբերի 2-ին ընդունված հայտնի օրենքը ՍԴ-ում սահմանադրական ճանաչվեց։ Հիշեցնենք, որ դրանով ընդդիմադիր ՀՀԿ-ն փորձում էր կանխել ԱԺ-ն արգելափակելու եւ իրենց քվեարկություններ պարտադրելու փորձերը, իսկ ընդունված օրենքը ՀՀ նախագահը չստորագրեց, այլ դիմեց ՍԴ։

Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մտահոգություն ունի, որ առաջիկայում կարող են բազում նման իրավիճակներ ծագել, եւ հարկավոր է, որ ՍԴ-ն հլու-հնազանդ ծառայի իրեն, այլ ոչ թե օրենքին։ ՍԴ-ում իշխանափոխությունը կարելի է նաեւ իշխանությունը պահպանելուն ուղղված քայլ դիտել։ Մյուս կողմից՝ կարելի էր ՍԴ-ում իշխանությունը զավթել առանց անօրինական հայտարարությունների ու քայլերի։ Փաշինյանի կողմից ՍԴ գործուղված Վահե Գրիգորյանը կարող էր դե ֆակտո դառնալ ՍԴ նախագահ՝ իրեն ենթարկեցնելով ՍԴ վախվորած անդամներին, եւ Հրայր Թովմասյանի գոյությունը կարող էր դառնալ ֆիկտիվ։ ՍԴ նախկին անդամ Վալերի Պողոսյանը երեկ մեր զրույցում ասաց, որ չի ցանկանում «անլուրջ բաներով զբաղվել» եւ մեկնաբանել Վահե Գրիգորյանի հայտարարությունները։

Հիշեցնենք․ ՍԴ նորընտիր դատավորն ասում էր, որ ինքը ներկայումս ՍԴ ընտրված երկրորդ դատավորն է, մյուսն Արման Դիլանյանն է, մնացածները ոչ թե դատավոր են, այլ՝ «անդամներ», քանի որ ընտրվել են, երբ դեռ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները եւ ՍԴ-ի մասին օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ չէին մտել։ Իսկ ներկայումս Սահմանադրական դատարանի մասին օրենքում գրված է, որ ՍԴ նախագահին փոխարինում է դատավորը, այսինքն՝ քանի որ Հրայր Թովմասյանը հին օրենքով է ընտրվել եւ «նախագահ» է, ոչ թե դատավոր, իսկ Արման Դիլանյանն էլ արձակուրդում է, այդ պատճառով, վահեգրիգորյանական տրամաբանությամբ՝ ինքը «ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները եւ պարտականությունները»։

Վալերի Պողոսյանը նկատեց, որ անլուրջ հայտարարություններ լսելու փոխարեն պարզապես կարելի է Սահմանադրություն կարդալ։ «Պետք է ամեն ասածին լուրջ չվերաբերվել, հավակնությունների հետեւից ընկնող մարդիկ լուրջ չեն ընդունվում»,- ասաց նա՝ ուղղորդելով, մասնավորապես, Սահմանադրական դատարանի մասին օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթներին, որտեղ գրված է․ «Մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը եւ անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»:

Իսկ 2005 թ․ խմբագրությամբ Սահմանադրության համաձայն՝ նշանակված ՍԴ անդամը կպաշտոնավարի առնվազն մինչեւ 65 տարեկանը: Հետաքրքրվեցինք՝ կա՞ այսօր մեխանիզմ՝ ազատվելու ՍԴ անդամներից ու նախագահից, քանի որ Վահե Գրիգորյանի ասելով՝ նրանք դատավոր չեն, իսկ քվորումի համար դատավորի ներկայություն է հարկավոր։ «Ախր, ո՞նց է հնարավոր, միայն ասելով հո չի՞, օրենքում ոչ մի բացթողում էլ չկա, ոչ էլ՝ խառնաշփոթ։ Ինչ-որ մարդիկ հայտարարություն են անում, թող իրենք էլ բացատրություն տան։ Եթե անցումային դրությամբ ասում է, որ անդամները շարունակում են պաշտոնավարել, որ նրանք դատավորներ են, ապա ինչպե՞ս են այս հարցին պատասխան տալիս, ու ո՞րն է այստեղ հարցականը, չեմ կարող ասել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ