22 01 2024

Ո՞րն է նոր Սահմանադրության ընդունման իրական նպատակը․ հարցազրույց սահմանադրագետի հետ

Ո՞րն է նոր Սահմանադրության ընդունման իրական նպատակը․ հարցազրույց սահմանադրագետի հետ

Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարությունում հունվարի 18-ին հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ «Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»,- հայտարարել է նա։

Նոր Սահմանադրության անհրաժեշտությունը բացակայում է թե՛ ժողովրդի մոտ և թե պետական կառավարման տեսանկյունից․ այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վահե Գրիգորյանը։

«Պառլամենտական կառավարման մոդելը արդեն բազմիցս ցույց է տվել իր թերությունները, մասնավորապես արտակարգ և ռազմական իրավիճակներում արձագանքելու դանդաղկոտությունը, ինչպես նաև, իմ կարծիքով, խորհրդարանի պատգամավորների թվի ուռճացված լինելը։ Սակայն վստահ եմ, որ դա չի լինելու այս կառավարության կողմից նախատեսվող և նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունների թեման»,- նշեց Գրիգորյանը։

Մեր հարցին, թե ո՞րն է Փաշինյանի իրական նպատակը, սահմանադրագետը պատասխանեց կարճ․ «Ձևախեղել ՀՀ սահմանադրությունը, որպեսզի այն համահունչ լինի սպասվող անփառունակ և պատերազմներով լի խաղաղության օրակարգին»։

«Երբ Կայզերական Գերմանիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում, ձևավորվեց Վայմարյան հանրապետությունը, որը, ըստ էության, խամաճիկային պետություն էր և պետության իմիտացիա էր։ Վայմարյան հանրապետությունը կարծես նոր հանրապետություն էր, որի ստեղծմամբ պահը ներկայացվում էր՝ կարծես նոր ձեռքբերում լիներ։ Հիմա նույնն էլ այդ 4-րդ պետություն կոչվածը իրականում դա է լինելու, ոչինչ ավելին։ Այո, գուցե հենց դրա համար էլ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեծտություն է առաջացել այս իշխանությունների մոտ»,- հավելեց Վահե Գրիգորյանը։

Համացանցում ակտիվորեն շրջանառվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2021 թվականի ելույթի և Փաշինյանի հայտարարության միջև կապը։ Մասնավորապես, 2021թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է․ «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն»։ Ի պատասխան այս «համընկնման», Վահե Գրիգորյանն ասաց․ «Ակնհայտ է, որ 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետո, երբ թշնամին փորձում է իրավական տեսանկյունից ևս ամրագրել իր հաղթանակները, բազմիցս թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի ղեկավարների մակարդակով բարձրացվել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը, որովհետև դրա պրեամբուլան, որը սահմանադրության անբաժանելի մաս է կազմում, հստակ ամրագրում է անկախության հռչակագրով սահմանված դրույթների կատարման պարտադիրությունը, որի բաղկացուցիչ մաս է կազմում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության հարցը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տանելու՝ ՀՀ պարտականությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ