« Թբիլիսիում երեկ կայացած բողոքի ցույցերը Կրեմլը «ռուսատյաց սադրանք» է համարում: Իհարկե, մեզ չեն կարող չմտահոգել ՌԴ քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսևորումները»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը :
Վրաստանի խորհրդարանում անցկացվող` Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ սկանդալ է տեղի ունեցել: Վրացի ընդդիմադիր պատգամավորներին դուր չի եկել, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը նախագահում էր նիստը, նստել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեղում: Ավելի ուշ ակտիվիստները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ և այրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարը: Այնուհետև իրավիճակն ավելի է լարվել:
Գիշերը Թբիլիսիի խորհրդարանի մոտ հարյուրավոր ցուցարարներին ցրելու համար Վրաստանի ՆԳՆ-ն կիրառել է ջրցաններ, ռետինե փամփուշտներ, զրահամեքենա, հրշեջ մեքենա և լուսաձայնային նռնակներ: Նրանք պահանջում էին ՆԳՆ ղեկավարի և խորհրդարանի նախագահի հրաժարականը:
Թբիլիսիի ցույցերին արձագանքել է նաև է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վրաստանում անկարգությունները ամենաշատը վնասել են հենց երկրին, դա սարսափելի սադրանք է: Ծայրահեղականների սադրանք, կուսակցությունների միջև իշխանության համար մղվող պայքար… Քաղաքականություն…Ժողովրդավարություն: Եվ ես չեմ հեգնում, դա ժամանակակից աշխարհի իրողություններն են»,- գրել է նա:
Խոսելով ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասին` նա նշել է, որ ժամանել է Վրաստանի հրավերով` խաղաղ նպատակներով, և երբեք չի մասնակցել հակավրացական գործունեությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը