21 06 2019

Համանախագահների հայտարարությունը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

Համանախագահների հայտարարությունը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Վաշինգտոնումն ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին: 

Հայտարարությունում նշվում է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումներն ու հիմնական հարցերը։

ԱԳՆ ղեկավարները ներկայացրել են իրենց դիրքորոշումները և ակնակալիքները տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ համանախագահների կողմից առաջարկված հումանիտար և անվտագության միջոցառումների առնչությամբ։ 

Համանախագահներն ափսոսանքով են արձանագրել վերջին կորուստները և կողմերին հորդորել են ձեռնարկել անհապաղ միջոցներ խաղաղությանը և առարկայական բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգման ուղղությամբ։

Միջնորդները կոչ են արել կողմերին վերահաստատել հանձնառությունը՝ անշեղորեն պահպանել հրադադարը և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից, այդ թվում՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծի և միջազգային սահմանների երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելուց։

Համանախագահների հետ զրույցում արտաքին գործերի նախարարները կարևորել են գոյություն ունեցող ուղիղ կապի օգտագործումը՝ լարվածության վտանգի նվազեցման համար։

Արտգործնախարարները պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ