19 06 2019

ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանին հավելյալ 40 մլն դոլար կտրամադրի



ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլար հավելյալ օգնություն տրամադրելու կոնգրեսական Ջեքի Սփիրի նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: 

Կոնգրեսում Հայաստանին հավելյալ օգնության տրամադրմանը կողմ է քվեարկել գրեթե 2/3-ը՝ 268 ներկայացուցիչ: Նախաձեռնության հեղինակ, հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրի խոսքով, ԱՄՆ կողմից Հայաստանին հավելյալ օգնության տրամադրումը կարեւոր խորհրդանշական քայլ է նաեւ, քանի որ վկայում է, որ ԱՄՆ-ում գնահատում են Հայաստանի կողմից թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարության ճանապարհին արված լուրջ քայլերը:

Ավելի վաղ Սփիրը հայտնել էր, որ այդ հավելյալ 40 մլն դոլարը կուղղվի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ կառավարության պատասխանատվության մեծացմանը:

«Սա մի փոքր աջակցություն է մի երկրի, որ ինքնուրույն կառուցել է ժողովրդավարություն»,-ասել է նա՝ հավելելով, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի համար եզակի հնարավորություն է բացվել միավորվելու եւ ժողովրդավարության ճանապարհով երկիրը հասցնելու բարգավաճման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ