«Ինձ համար մեծ պատիվ և ուրախություն է Արցախում լինելը. արցախցիները հրաշալի ժողովուրդ են»: Այս մասին Արցախի նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրեսի» հետ զրույցում ասել է բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ընդգծելով, որ ինքը վստահ է, որ Արցախը մի օր միջազգայնորեն ճանաչված կլինի:
Նա պատմել է, որ ինքն Արցախում եղել է ամենածանր տարիներին, երբ հրետակոծվում էր Ստեփանակերտը․ «Պատերազմից հետո ամեն անգամ Ստեփանակերտ գալով նկատելի է դառնում, որ քաղաքը տարեցտարի գեղեցկանում է, ինչպես նաև տարբեր ոլորտներում տեսանելի է դառնում առաջընթացը: Մենք ականատեսն ենք եղել այն ամբողջ տառապանքին, որի միջով՝ Ադրբեջանի քաղաքականության պատճառով անցել է Արցախի ժողովուրդը»:
Խոսելով այցի նպատակի մասին՝ նա ասել է, որ իրենք Արցախում են երկու նպատակով. առաջինը՝ քաղաքացիների շահերի պաշտպանության և երկրորդ՝ նրանց աջակցության վերաբերյալ հարցերով:
«Շահերի պաշտպանության շրջանակներում մենք նպատակ ունենք իրազեկելու համայն աշխարհին, թե ինչ է կատարվում Արցախում, և ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը, մանավանդ, դպրոցներում՝ հայատյացության տարածման առումով: Քաղաքացիների աջակցության շրջանակներում մենք պատիվ ենք ունեցել լինել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնում: Մենք շատ գոհ ենք կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանի կողմից իրականացվող աշխատանքներից: Նա վերափոխել է հին կառույցը և դարձրել այն միջազգայնորեն ճանաչված վերականգնողական կենտրոն, որտեղ կարողանում են բուժում ստանալ հաշմանդամները»,- ասել է Քերոլայն Քոքսը:
Նրա խոսքով՝ հանդիպմանն ԱՀ նախագահն իրենց կազմին տեղեկացրել է, որ Արցախում օրեր առաջ անց է կացվել CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ը: Ըստ Բարոնուհու՝ այն լավ հնարավորություն է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ մարդիկ կարողանան այցելել Արցախ և անձամբ ծանոթանալ երկրին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը