Պետբյուջեի կատարողականի մասին 2018-ի հաշվետվության տարեկան քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ նախորդ տարի Հայաստանը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին ժամանակին և ամբողջությամբ կատարված անդամավճարների համար ներառվել է պատվո ցուցակում:
Պատվո ցանկում ներառվում են այն պետությունները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրում ամբողջությամբ վճարում են անդամակցության վճարները։ Հայաստանից բացի, 193 անդամ երկրներից պատվո ցանկում են 48-ը:
Մնացականյանը հայտնեց, որ նախորդ տարվա հունվարին ՀՀ կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին որպես տարեկան անդամավճար փոխանցվել է 145 հազար 843 ԱՄՆ դոլար: 2019-ից Հայաստանի անդամավճարի չափաբաժինը ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին 0.006 տոկոսից դարձել է 0.007 տոկոս:
Նշենք, որ Հայաստանը պատվո ցանկում է արդեն երեք տարի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը