Կառավարության՝ հունիսի 6-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ելույթ-հանձնարարականով՝ ուղղված ոստիկանապետին և ԱԱԾ պետին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն և դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար: Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ: Եվ նույնիսկ տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել: Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևասգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ: Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և այս պայմաններում իրավապահ համակարագը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին, սկսած այն երևույթից, որ օրինակ Երևանի ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել այսպես ասած «ճռռիկներ» անել, ավտոմեքենաներ վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և երկրում չկա իրավակարգ, կամ երկրում իրավակարգը թույլ է: Ես ուզում եմ արձանագրել, որ նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը պետք է խնդրին վերաբերվի ոչ թե որպես երթևեկության կաննոների խախտում, որովհետև սրանք ուղղակի երթևեկության կաննոների խախտումներ չեն, սրանք բացահայտ արհամարհանք են օրիանականության նկատմամբ, պետական կարգի նկատմամբ, և բոլոր այսպիսի դեպքրերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլև հասարակական կարգի և անվտանգությամբ զբաղվող ուժերը և նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար:
Այսօր առավոտյան ես այս թեմայով նաև զրույց եմ ունեցել Ոստիկանության պետի հետ: Ինչ վերաբերվում է այդ սևազգեստ խմբերին, ապա նրանց պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի:
Պարոն Օսիպյան, պա՞րզ է առաջադրված խնդիրը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան- Այո, պարոն վարչապետ, կկատարվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Պարոն Վանեցյան, պա՞րզ է առաջադրված խնդիրը:
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյան- պարոն վարչապետ պարզ է, կկատարվի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Պարոն Դավթյան, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ դատախազությունը նույնպես երևույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի զուտ առանձին վերցված մեկնաբանության տեսակետից, այլ ընդհանրապես, հանրային անվտանգության տեսանկետից, որովհետև իմ կարծիքով, կոնկրետ գործողություններ են արվում փողոցում քայլող քաղաքացիների շրջանում պաշտպանվածության զգացումը խաթարելու համար: Սա հանրային և ազգային անվտանգության խնդիր է և այս հարցերին մոտենալ ուղղակի քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ: Եթե նույնիսկ կա անհրաժեշտություն՝ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ և բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա: Ընդ որում, ուզում եմ ընդգծել. Բացարձակապես կապ չունի, թե այդ բռնության քարոզը իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, հանդես են գալիս որպես ընդդիմության համակիր, բացարձակ կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ, ես ուզում եմ ճիշտ հասկանաք, խոսքը քաղաքական գործունեության, քննադատության, սուր քննադատության մասին չէ, որը Հայաստանի Հանրապետությունում երաշխավարոված է անշրջելիորեն: Բռնության քարոզի, բռնության բառապաշարի օգտագործման համար բերանները բացելուց առաջ պետք է տասն անգամ մտածեն: Եթե տասն անգամ մտածելուց հետո այնուամենայնիվ գնան նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան և դա չպետք է լինի թավշյա: Այդ հակահարվածը պետք է լինի երկաթյա:
Եվ ես հույս ունեմ, որ մենք այսօրվա խոսակցության արտահայտումը, կամ ՀՀ քաղաքացիներն այսօրվա խոսակցության արտահայտումը կոնկրետ կտեսնեն: Պարոն Օսիպյան, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որպեսզի ձևավորեք խումբ, որովհետև նման հարցերով ուղղակի սովորական ընթացակարգերով չպետք է զբաղվել, որն այս կապակցությամբ քաղաքացիների ահազանգերին սովորականից տասն անգամ ավելի արագ կարձագանքի և արագ միջոցներ կձեռնարկի, և այդ միջոցները կլինեն տեսանելի հանրության համար:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյան- Շատ լավ, պարոն վարչապետ: Առավոտյան Ձեզ հետք զրուցելուց հետո անմիջապես տվել եմ համապատասխան հանձնարարական, նաև կառավարության նիստից հետո ևս կլինեն հատուկ հանձնարարություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Համեցեք պարոն Դավթյան:ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան- Պարոն վարչապետ, նմանատիպ դեպքերում, հատկապես նաև վերջին օրերին կատարված դեպքերի հետ կապված, բնականաբար դրա արձագանքներով պայմանավորված մեր պահանջն է հետաքննության, նախաքննության մարմիններից, որպեսզի դա չդիտարկվի որպես մեկ լոկալ դեպք և դրա ամբողջ մեխանիզմը բացահայտելուն ուղղված գործողություններ իրականացվում են: Մենք հետևում ենք, որ լրիվ ծավալով իրականացվի, հնարավոր կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ կամ եթե այլ ավելի ծանր հանցագործություն է նախապատրաստվում, այդ ամենը բացահայտվի: Այսինքն մենք իրավական գնահատականները տալուց, բնականաբար, հետևում ենք, որպեսզի լիարժեք, ամբողջ ծավալով բացահայտվի, իսկ ամբողջ ծավալով բացահայտվ արդյունքում եղած ապացույցներն ենք գնահատում:
Ավելորդ չեմ համարում նշել Ձեր բերած օրինակը՝ մեքենաներով դիտավորությամբ հասարակական կարգի խախտումը, որն այո՛, միայն երթեկության կանոնների խախտման չի հանգեցնում և ուզում եմ ասել, որ նմանատիպ դեպքեր մենք ունեցել ենք, դա դիտարկել ենք որպես խուլիգանություն և դրանով նաև դատական ակտ ենք ունեցել: Այսինքն, դատավճիռ է եղել, այդպիսի վարքագծի դրսևորումը դիտարկվել է ոչ թե վարչական իրավախախտում, այլ որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն, կոնկրետ դեպքում խուլիգանություն: Հետևաբար, կարծում եմ, որ միասնաբար պետք է ապահովվի դրանով նախ և առաջ անհրաժեշտ ապացուցողական բազայի ապահովումը, այսինքն հանգամանքների լիարժեք բացահայտումը, հետագայում այդ հանգամանքներն իրենց գնահատականը ստանալու են:
Ինչ վերաբերվում է բռնության կոչերին, ապա մենք մեր ուսումնասիրություններով դեռևս երկու տարի առաջ նախաձեռնեցինք այս ուղղությամբ փոփոխություններ: Հենց դատախազությունն էր ներկայացրել նախագիծ, որ երկրում քրեականացվեն հանցագործություն կատարելու կոչերը: Երկարատև քննարկումներից հետո ի վերջո կառավարությունից Ազգային ժողով գնաց միայն ահաբեկչության կատարման կոչերը: Այսինքն, տարբեր ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում դիտարկվեց, որ ընդհանրապես հանցագործության կամ գոնե ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կոչերը չքրեականացվի: Անկեղծ ասած, ես շարունակում եմ մնալ իմ նախկին կարծիքին և կարծում եմ, որ քանի դեռ օրենքը չի ընդունվել Ազգային ժողովում՝ կարելի է այս ուղղությամբ շարունակել քննարկումները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Շատ լավ պարոն Դավթյան, շնորհակալ եմ: Ես հասկացա, որ մի մասով այսօր էլ մենք օրենսդրական գործիքակազմն ունենք, մյուս մասով էլ ունենք կատարված որոշակի աշխատանք, որի հիման վրա կարող ենք մենք շարունակել այդ աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչպես ձևակերպենք, որ Հայաստանում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը,արտահայտվելու ազատությունը որևէ կերպ չսահմանափակվի, մյուս կողմից բացառվի իրավիճակի, երբ բռնությունը, բռնության քարոզը և բռնության բառապաշարը կարող է դառնալ սովորական առօրյա ինչ-որ բան, որն անխուսափելիորն կբերի կոնկրետ դրսևորումների և հետո մենք ստիպված կլինենք պայքարել հետևանքների դեմ, եթե մենք այսօր չտեղորոշենք պատճառները և դրանք արմատախիլ չանենք:
Այնպես որ կարծում եմ՝ այդ թեմայով քննարկումները մենք կարող ենք սկսել: Պարոն Կիրակոսյան, բաձրացրեք նախկինում առաջարկված նախագիծը և տեսնենք, թե դատախազության հետ համատեղ ինչ կարող ենք անել այդ ուղղությամբ, որը նաև լիարժեք համապատասխանի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ընդհանրապես, մարդու համընդհանուր իրավունքների չափանիշներով: Այսինքն, այս թեմաների մասին որ խոսում ենք, պետք է միշտ արձանագրենք, որ ժողովրդավարական արժեքները որևէ կերպ չպետք է տուժեն: Կարծում եմ, որ ընդհակառակը, բռնության քարոզն առաջին ամենամեծ սպառնալիքն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինականության: Համեցեք պարոն Թաթոյան:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան- Պարոն վարչապետ, ես ուզում եմ սկսել, կարևորելով նրանից, որ Դուք նշեցիք, որ խոսքի ազատության պաշտպանվածությունը կարևորագույն նշանակություն ունի, այդ թվում քաղաքական խոսքի, քննադատություն դեպի իշխանությունները: Սա կարևորագույն նշանակության և կարևոր արժեքներից մեկն է, այո՛, որ նաև վերջին ժամանակներն առավել զարգանում է, բայց ես ուզում եմ նաև հատուկ նշել, որ ես նույնպես խիստ, անընդունելի, դատապարտելի եմ համարում բռնության քարոզի հետ կապված որևէ երևույթ և ուզում եմ ասել, որ ԱԺ-ում երեքշաբթի ես ներկայացրեցի տարեկան հաղորդումը, որտեղ հիմնարար սկզբունքներն էր ու նաև խորհրդարանի հետ էլ քննարկեցինք, որ ցավոք կան բռնության քարոզի կոչեր և այլն, ինչը կարծում եմ, պետք է արժանանա պետության շատ արագ արձագանքին:
Ուզում եմ նաև նշել, որ եթե տեղի է ունենում բռնության քարոզ կամ բռնության կոչեր և դրան պետությունը չի արձագանքում պատշաճ ու ժամանակին, իհարկե օրենքի սահմաններում, ապա դա չի ունենում պատշաճ կանխարգելիչ նշանակություն: Այս առումով, որպես Մարդու իրավունքների պաշտպան, որպես անկախ պաշտոնատար անձ, ես պատրաստ եմ նույնպես համագործակցել, որովհետև մենք մեր իրավապահ մարմինների գործընկերներին պարբերաբար ուղարկում ենք տեղեկություններ, որովհետև մեր դիտարկումը ցույց է տալիս, որ կան բռնության կոչեր, որոնք կոնկրետ նաև մարդկանց են ուղղված, որոնք հաշվեհարդարի սպառնալիքներ են պարունակում: Ես կարծում եմ այս առումով նույնպես պետք է պետությունն արագ հակազդի, որպեսզի դրանք ունենան կանխարգելիչ նշանակություն: Եվ դարձյալ ավելորդ չեմ համարում հատուկ կարևորել այն թեզը, որ նշվեց, որ սա որևէ կերպ չի նշանակում, որ խոսքի ազատության պաշտպանվածության հետ կապված խնդիր պետք է լինի: Նախագծի խորհրդարանական քննարկումների հետ կապված, որ գլխավոր դատախազը քիչ առաջ նշեց, մենք էլ պատրաստակամ ենք լիարժեք ներգրավվելու նաև որպեսզի նպաստենք նույնպես երաշխավորելու այդ բալանսավորված մոտեցմանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ պարոն Թաթոյան, անպայման, երբ խոսում ենք այն օրենսդրական գործողությունների մասին, որոնք առնչվում են մարդու իրավունքների հետ, մենք ի սկզբանե նկատի ենք առնում, որ դա առանց Ձեր կառույցի մասնակցության չի կարող տեղի ունենալ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - Ձեր թույլտվությամբ մի տեղեկատվության անդրադառնամ, որ երեկ ուշ երեկոյից մամուլում շրջանառվում է և որը, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը: Խոսքը ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածներին վարձի 20 տոկոս զեղչի հետ կապված է, իբր նախարարությունը չեղարկել է այդ զեղչը: Նախ ասեմ, որ ըստ ընթացակարգի, այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք և փոխանցումները կատարված են, այսինքն եթե մենք շատ էլ ցանկանայինք, այն չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների, քաոսային իրավիճակ է բուհերում և համատարած թույլ չեն տալիս այս պատճառով, որպեսզի ապրիլյան պատերազմի մասնակիցները և հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այդ որ ասում եք քաոսային վիճակ է, մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային վիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, պայթունավտանգ իրավիճակ: Այդ նույն շրջանակի շղթայի տարբեր օղակներն են: Ոնց կարող է ընդհանրապես այդպիսի բան լինի: Դա էլ այն թեզն է՝ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, պատերազմի մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվեցին, առած է, ծախած է: Այդ նույն մարդիկ են և այդ նույն շրջանակները: Սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարոն Վանեցյան: Այդ մարդիկ հիբրիդային պատերազմ են վարում կոնկրետ Հայաստանի Հանրապետության դեմ և այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Լավ, հասկացանք, մեկ-երկու-երեք-չորս, այդ գող-ավազակները պետք է իրենց այս երկում լավ զգա՞ն, դրանք պետք է մայթերի տակով «մասկիրովկայով» քայլեն, դրանք ով են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, լրջորեն զբաղվեք այս հարցերով:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան - Պարոն վարչապետ, երեկ գիշերը ես երկու բուհերի, որոնք նշված են, ռեկտորների հետ եմ կապվել, նրանք, ըստ էության, չունեին նման տեղեկատվություն: Մենք այս ընթացքում ևս երկրորդ փուլ ենք արել ապրիլյան պատերազմի մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, այսինքն ևս մի փուլով նրանց հրավիրել ենք, որ դիմում գրեն և ստացել են իրենց զեղչերը: Մենք այդ զտումն ամբողջությամբ արել ենք և մաքրել ենք, չենք բացառում, որ կարող է մեկ-երկու հոգի լինեն, որ չեն հասցրել դիմել, ես Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ խոսեցի, մի հոգի կա, ով նոր է եկել արտասահմանից և չի դիմել, ասել ենք, որ դիմի, մենք անընդհատ ընդառաջել ենք, որ դիմեն: Երկու դեպք ունենք Ֆրանսիական համալսարանի, ընթացակարգերի հետ է կապված, զբաղվում ենք, ըստ էության, նախարարությունը բողոք այս առումով չի ստացել այս ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ամենակարևորը, նախարարությունը որոշում չի կայացրել, որ փակում է այդ զեղչերը: Նման որոշում չէր կարող լինել, կարող է մարդիկ լինեին, որ ընթացակարգը չիմանային, ժամանակին չդիմեն և այլն, բայց այդ մարդկանց, եթե նույնիսկ ժամանակին չեն դիմել, թող հիմա դիմեն: Դրանք հարցեր են, որոնք ընդհանրապես քննարկման առարկա չպետք է լինեն: Վերնագիրը պատկերացրեք՝ կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձերը: Այսինքն մեկը մտածում է, որ այսպիսի վերնագիր ՀՀ-ում հնարավո՞ր է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյան- Ես ռեկտորներին անձամբ դիմել եմ, եթե կան նման դեպքեր, թող նորից դիմեն նախարարություն, մենք զեղչը կտրամադրենք, այսինքն մենք դրա խնդիրը չունենք ընդհանրապես:
Ելույթը՝ տեսանյութում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը