27 05 2019

Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում կպատմի իր ծրագրերի մասին

Ռոբերտ Քոչարյանը մոտ ապագայում կպատմի իր ծրագրերի մասին

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Նորությունների դաշնային գործակալության» հետ զրույցում հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանն աշխատավայրում է, իրեն լավ է զգում, շուտով կպատմի իր ծրագրերի մասին։

«Առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է, և մնացած ամեն ինչ լավ է: Երեկ հիվանդանոցում է եղել 40 րոպե: Դա պլանային հետազոտություն էր»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա ՀՀ 2-րդ նախագահը դրանց մասին կպատմի կա՛մ լրագրողների հետ զրույցում, կա՛մ այլ ձեւաչափով՝ հոդված, հայտարարություն։

Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ լրատվամիջոցները չափազանցնում են Հայաստանում տեղի ունեցած փողոցային ակցիաների մասշտաբները: «Չէի ասի, թե Երևանում նման լարված իրավիճակ է: Վերջին իրադարձությունները կապված էին դատարանների արգելափակման հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հետ կապված զանգվածային անկարգությունների մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:

Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի ազատ արձակմանը, Վիկտոր Սողոմոնյանը վստահ է, որ ձերբակալությունն անօրինական էր:

«Հիմա կալանքը հաղթահարված է: Այդ գործի հետ կապված մնացած ամեն ինչ բացարձակ անօրինական էր: Ռոբերտ Քոչարյանի գործը կարված է սպիտակ թելերով, այնքան հակասություններ կան, որ այն, իմ կարծիքով, ոչ միայն օրենքից,իրավական հարթությունից, այլև առողջ բանականությունից դուրս է գտնվում: Եվ մի օր ազատ արձակումը պետք է տեղի ունենար»,- հավելել է Սողոմոնյանը:  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ