23 05 2019

ՍԴ-ն և ԲԴԽ-ն իշխանության կցո՞րդ, թե անկախ մարմին. Էլինար Վարդանյան

ՍԴ-ն և ԲԴԽ-ն իշխանության կցո՞րդ, թե անկախ մարմին. Էլինար Վարդանյան

Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին  իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հաստատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր:

Իրականում մենք գործ ունենք շատ վտանգավոր միջադեպի հետ, շատ վտանգավոր նախադեպի հետ։

Ժամանակագրական առումով այս նիստը, այս ձայնագրությունը հաջորդեց դատարանի կողմից Քոչարյանի գործը կասեցնելուն և Սահմանադրական դատարան ուղարկելուն: Այստեղից պարզ երևում է, որ իմքայլականների «բարեփոխումների» մասին որոշումները անմիջականորեն կապվում են Քոչարյանի գործի հետ: Դատարանը կալանքի մասին որոշում է տալիս, ուրեմն դատարաններին ձեռք տալ պետք չէ, կալանքի մասին որոշումը փոխում է, ուրեմն դատարանների աշխատանքները պետք է կազմալուծել, շատ արագ անցնել վեթինգի ու ներգործության այլ միջոցների, ինչպես նաեւ ցրել ԲԴԽ-ն: 

Անկեղծ ասած, այս մարմինն այնպես չէ, որ փայլուն իրականացնում է իր առաքելությունը, բայց գոյություն ունեն իրավական երաշխիքներ և դրանք անտեսելը կամ խախտելը պարզապես անթույլատրելի է: Եվ եթե նպատակը չլիներ բոլոր մարմիններին դարձնել իշխանության կամակատար, ապա դատաիրավական համակարգի բարեփոխումները, որոնք կարվեին բացառապես սահմանադրական ճանապարհով, կլուծեին նաև ԲԴԽ-ի արդյունավետության խնդիրը: Բայց կարծես նպատակն ամենևին էլ համակարգի առողջացումը չէ, այլ այս անգամ այս իշխանության կցորդը դարձնելն է:

Հիմա հերթը նաև ՍԴ-ինն է: Գործը գտնվում է ՍԴ-ում, ուրեմն շատ արագ պետք է ՍԴ-ն ցրել: Սա պարզապես լուրջ սպառնալիք է իշխող ուժի կողմից: Այստեղ կարող է խոսք գնալ սահմանադրական կարգի տապալման կամ այդպիսի ծրագրի մշակման մասին։ Այս հայտարարությունները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս, քանի որ հակաիրավական և հակասահմանադրական բովանդակություն ունեն:

ՀՀ Սահմանադրությունը և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը սահմանում են դատավորի անփոփոխելիության, անձեռնմխելիության երաշխիքներ: Եվ այսպիսի քննարկումներն արդեն իսկ ճնշում են այս մարմինների նկատմամբ: Այդպիսի հակասահմանադրական որոշում կայացնելու դեպքում մեր երկիրը շատ երկար ժամանակ պետք է փորձի վերականգնել իր միջազգային հեղինակությունը, շատ երկար պետք է  համոզի օտարերկրյա ներդրողներին, որ իրենց հանդեպ ևս չեն կայացվելու հակաօրինական որոշումներ:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ