ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ազատության հրապարակում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպին: Նա գրում է․
«ՀՅԴ Բյուրոյի տարիների ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունեցած Հրանտ Մարգարյանն ու իր մանկահասակ թոռներն այսօր Ազատության հրապարակում հարձակման են ենթարկվել խուռներամ ու կույր ամբոխի կողմից։ Ատելության, անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։
Հրանտ Մարգարյանին ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը ուղղորդվող վիրավորանք է դաշնակցության ողջ ընտանիքին։ Մենք սա չենք հանդուրժում և հայտարարում ենք, որ փողոցային խուժանն ու փողոցային արդարադատությունը խաթարում են մեր պետականության հիմքերն ու երկրի սահմանադրական կարգը։ Վարչապետ Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը։
Հորդորում ենք իշխանություններին և իրավապահ մարմիններին ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին։Հանուն հասարակական համերաշխության մենք շատ բան ենք հանդուրժել,բայց սա չենք կարող»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը թոռների հետ զբոսնելիս է եղել Ազատության հրապարակում, երբ նրա վրա հարձակում են գործել ցուցարարները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը