17 05 2019

Պետական մեղադրանքի կարճատեսությունը չի կարող դիմանալ ժամանակի քննությանը․ կարծիք

Պետական մեղադրանքի կարճատեսությունը չի կարող դիմանալ ժամանակի քննությանը․ կարծիք

Քաղաքագետ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«Երեկ երեկոյան ես, բազմաթիվ այլ հեռուստադիտողների հետ միասին, մեծ հետաքրքրությամբ հետևում էի Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքին ուղիղ եթերում։ Դատավարությունը նոր է սկսվում, սակայն արդեն ակնհայտ է, որ այն մեր պատմության մեջ աննախադեպ է, և առաջիկա ամիսներին լարվածության մեջ է պահելու մեր ողջ հասարակաությանը։ Այդ իմաստով, երեկվա օրը, Արցախի նախկին և ներկա նախագահների այցելությունը և միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի և դատախազների ելույթները արդեն երեկ հսկայական ինտրիգ ստեղծեցին, ցույց տալով, թե որքան բարձր են խաղադրույքները բոլոր կողմերի համար, և որքան բազմաբարդ է այն խնդիրը, որը քննարկվում է առաջին ատյանի այս դատարանում, որն ավելի շատ նախատեսված է շարքային գողեր և խուլիգաններ դատելու համար։

Լսելով կողմերի ելույթները` ես փորձում էի հասկանալ, թե ի վերջո որն է լինելու պետական մեղադրանքի հիմնական մեխը, և ինչ մարտավարություն է ընտրելու պաշտպանվող կողմը առաջիկա ամսիներին։ Այս իմաստով, պաշտպանվող կողմի մարտավարությունը իմ համար բավական հասկանալի է, և զարմանք չի առաջացնում՝ հիմնավորել սեփական գործողությունները երկրում ստեղծված քաղաքական իրավիճակով, և փորձել այն ներկայացնել որպես դրանից բխող նվազագույն անհրաժեշտություն (այլ հարց է, թե որքանով էր դա այդպես)։ Այն շարունակելու է պնդել այդ վերսիայի վրա, իսկ դատավարության ընթացքում ի հայտ եկող փաստերը ցույց կտան, որքանով է դա համապատասխանում իրականությանը, և կամ ընդհակառակը, որքանով է այն ժամանակվա իշխանությունը իր գործողություններով սրել իրավիճակը, որը ի վերջո հանգեցրել է արյունահեղության։

Ինձ համար շատ ավելի զարմանալի էր պետական մեղադրողների (դատախազների) կողմից առաջ քաշված մի քանի դրույթներ, մասնավորապես՝

ա) ներկայացնել մարտի 1-ի և դրանց նախորդած իրադարձույթունները որպես բախում նախագահ Քոչարյանին անմիջականորեն ենթարկվող ուժային կառույցների և խաղաղ ցուցարարների միջև, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ դա բախման միայն արտաքին կողմն էր, իրական բախումը տեղի էր ունենում մի կողմից Ռոբերտ Քոչարյանի և նրան հարող քաղաքական ուժերի, մյուս կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի և նրան հարող քաղաքական ուժերի միջև, դրանում ներգրավված էր Հայաստանի գործող քաղաքական ուժերի գերակշիռ մասը, իսկ ուժային կառույցները և ցուցարարները նրանց կողմից համապատասխանաբար օգտագործվել են ընդամենը որպես գրոհային ռեսուրս, և արդյունքում կրել են հիմնական կորուստները։ Եթե պետական մեղադրանքը փորձում է վեր հանել ամբողջ ճշմարտությունը, այն չպետք է ի սկզբանե հենվի իրավիճակի այսպիսի սուբյեկտիվ գնահատականի վրա, այլ ելնի այդ ողբերգական իրդարձությունների ողջ համայնապատկերից, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանի 2007 թ․ անակընկալ քաղաքական վերադարձից։ Ի վերջո, դատավարության ընթացքում այդ բոլոր դրվագները ի հայտ կգան, և ակնհայտ կդառնա, որ դատավարության մեջ պետք է ներառել այդ ողբերգության բոլոր հիմնական գործող անձանց, դա ընդամենը ժամանակի հարց է։

բ) ներկայացնել Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների գործողությունները որպես զուտ խաղաղ ակցիա։ Իրականում Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թ փետրվարին որևէ փաստական հիմք չուներ պնդելու, որ այդ ընտրություններում ինքը հաղթել է (բացի Սերժ Սարգսյանից, ընտրություններում մասնակցած առնվազն երկու թեկնածու՝ Արթուր Բաղդասարյանը և Վահան Հովհաննիսյանը, ևս զգալի ձայներ էին հավաքել, ուստի դա նույնիսկ մաթեմատիկորեն քիչ հավանական էր), սակայն անընդհատ հրապարակում այդ պնդումն էր անում, և պահանջում էր անվերապահ իշխանությունը իրեն հանձնել։ Տեր-Պետրոսյանը արդեն մեկ անգամ, 1996 թ, ուժով բռնազավթել էր իշխանությունը, և սա նրա երկրորդ փորձն էր՝ նորից ուժով (այս անգամ փողոցում իր համակիրների) վերադառնալ իշխանության, և այս դատավարության ընթացքում նրա գործողությունները ևս պետք է համարժեք գնահատական ստանան։

գ) ներկայացնել ցուցարարների կողմից մարտի 1-ին իրականացված բռնությունը որպես համարժեք պատասխան՝ Ազատության հրապարակի ճամբարի ցրմանը իրավապահների կողմից։ Եթե նույնիսկ իրավապահների գործողությունը ժամանակավրեպ էր և ոչ բավարար հիմնավորված, այս գաղափարը դատախազների կողմից անարխիայի անմիջական խրախուսման է համարժեք, քանի որ հավասար նժարների վրա է դնում պետության իրավապահ մարմիններին, որոնք բոլոր դեպքերում իրենց գործողությունը իրականացնում են օրենքի շրջանակներում և պատասխանատու են դրանց համար, և պատահական անձանց, որոնք օգտվելով ընդհանուր խառնաշփոթից, կարող են բացարձակ հանցագործ նկրտումներով խախտել հասարակական կարգը, և տանել այն արյունահեղության, ինչպես և տեղի ունեցավ մարտի 1-ին։

Ես ենթադրում եմ, որ պետական մեղադրանքի այս կարճատեսությունը և իրականության խեղաթյուրումները ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայի հետևանք են, սակայն չեն կարող դիմանալ ժամանակի քննությանը։ Այս դատավարության ընթացքը ի վերջո վեր կհանի բոլոր փաստերը, և հասարակությունը հնարավորություն կունենա վերականգնել 2008 թ ողբերգական իրադարձությունների ամբողջ համայնապատկերը, և արդարացիորեն բաշխել յուրաքանչյուր դերակատարի մեղքի բաժինը։

Եթե մենք ցանկանում ենք մեր պատմության այդ ողբերգական էջը շրջել, ի վերջո մենք պետք է իմանանք նրա մասին ամբողջ ճշմարտությունը, պետք է լինի երկուստեք քավություն և ապաշխարհանք, օրենսդրական փոփոխություններ՝ բացառելու այսպիսի վիճակների առաջացումը ապագայում, աջակցություն բոլոր անմեղ տուժածներին և նրանց ընտանիքներին, և հանրային հաշտեցում։ Այլապես, մենք կմնանք այս իրադարձությունների պատանդը, քաղաքական գործիչների ամեն հերթական սերունդ կարող է վերաբացել այս դատավարությունը, ելնելով այդ պահի քաղաքական կոնյունկուրայից, և մենք դեռ երկար մեր վրա կկրենք փոխադարձ ատելության խարանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ