14 05 2019

Հայաստանի նախկին նախագահի գործը քննել ցանկացող գրեթե չի մնացել․ «Կոմերսանտ»

Հայաստանի նախկին նախագահի գործը քննել ցանկացող գրեթե չի մնացել․ «Կոմերսանտ»

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ գործին։ Արդեն ներկայացրել ենք աշխարհի խոշորագույն լրատվական գործակալություններից «Ֆրանս Պրես»-ի և գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության՝ մարտի մեկի գործի վերաբերյալ հրապարակումները։

Դատավարությանն անդրադարձել է նաև ռուսական «Կոմերսանտ»-ը։ Թերթը գրում է․ «Չնայած հայկական իշխանության՝ պարոն Քոչարյանին ճաղերից այն կողմ ուղարկելու վճռականությանը, դատավարությունը հեշտ չի լինի։ Հատկանշական է, որ այս դատավորն արդեն հրաժարվել է գործը քննել, սակայն նրան հանձնարարել են վերադառնալ գործի քննությանը»։

Թերթը նշում է, որ մինչ այժմ մեղադրող կողմի՝ նախկին նախագահի ազատազրկմանը հասնելու փորձերը լուրջ հակազդեցության են բախվել։

«Այն, որ պարոն Քոչարյանը լուրջ ազդեցություն է պահպանում, ակնհայտ է։ Դատարանի դահլիճում նրան ծափահարություններով ողջունեցին, մարդիկ «ազատություն» բացականչեցին։ Նախկին նախագահին աջակցելու ակցիա էր ընթանում նաև դատարանի շենքի մոտ»,- գրում է թերթը՝ նաև հիշեցնելով, որ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու կոչով միջնորդություն էին ներկայացրել Արցախի երկու նախագահները։

Թերթն ընդգծում է նաև այն, որ արդեն 4 դատավորներ հրաժարվել են քննել Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը՝ ինքնաբացարկ հայտնելով։ «Հայաստանի նախկին նախագահի գործը քննել ցանկացող գրեթե չի մնացել»,- նշում է «Կոմերսանտ»-ը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ