13 05 2019

Հետախուզական մեկնարկ․ Panorama.am

Հետախուզական մեկնարկ․ Panorama.am

Panorama.am-ը գրում է․ «2019 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14-ին Երևանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում սկսվեց նիկոլյան Հայաստանի ամենախայտառակ  բլեֆի՝  Մարտի 1-ի գործով դատավարությունը: 

Գործը դատարան հասցնելով՝  քննչական մարմիներն իրենց վրայից  պատասխանատվության գնդակը  շպրտեցին դատարանների վրա: Չէ՛, ավելի ճիշտ՝ մեկ դատավորի վրա, ով ստիպված է լինելու դատավարության ընթացքում  և հետագայում՝  պատմության համար,  դառնալ թուք ու մուրի կամ ծափահարությունների  հասցեատերը:

Դատավարության առաջին նիստը նախագահում է դատավոր  Դավիթ Գրիգորյանը: Երկրորդ նիստը ևս  նա կնախագահի մայիսի 14-ին,  որտեղ պետք է հրապարակի  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի ներկայացրած  ինքնաբացարկի   որոշումը: Ամենայն հավանականությամբ դա էլ կլինի նրա վարած  վերջին նիստը՝  դատելով մի շարք հանգամանքներից: 

Տարօրինակ զուգադիպությամբ, հենց մայիսի 13-ին  է  դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարվում նախազգուշացում Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից  (Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել  2019 թ. փետրվարի 11-ի որոշումով, գործը քննվել էր  2019 թվականի մայիսի 2-ին):

Ընդ որում  «մայիսի 13-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց նաև բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը 6 ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից»:

Այսինքն, ստացվում է, որ  դատավոր Գրիգորյանն այսօրվանից որևէ գործ վարելու իրավասություն չունի՞: Վաղը կիմանանք: Առաջին նիստում մյուս ամբաստանյալների բացակայությունը պայմանավորված էր նրանով, որ ՍԴ որոշումից ելնելով՝ առանձին հրավիրվող նիստով քննարկվելու էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ գտնվելու հարցը:

Առաջին նիստով նրա խափանման միջոց չքննարկվեց: Տեսնենք վաղն ինչ զարգացումներ կլինեն:

Առաջին նիստը մի տեսակ հետախուզական էր,  ուժերի և տրամադրությունների  ուսումնասիրում՝ որքանով էին բծախնդիր լինելու փաստաբանները և  հանրային ինչպիսի աջակցություն էր ստանալու ՀՀ երկրորդ նախագահը:

Փաստաբանները ցույց տվեցին, որ իրենց աչքից չի վրիպելու մանր ու մեծ ոչ  մի խախտում, ինչպես օրինակ գլխավոր դատախազի ծառայողական  դռնից ներս մտնելը:  Պրոֆեսիոնալ աչքի համար  դա  հզոր ազդանշան էր, որ մեղադրող կողմը հույսը դրել է իր ամենաթողության և իշխանական պատմուճանի ուժի վրա: Չանցա՛վ:

Հետաքրքիր է, գլխավոր դատախազը հանրապետության կրիմինալ խնդիրների լուծումն ում է լիազորելու, եթե պատրաստվում է մշտապես ներկա լինել նվազագույնը մեկ տարի ձգձգվելիք այս դատավարությանը: Ամենայն հավանականությամբ,  ուժերի դիրքավորումն էր սեփական աչքվ տնտղում, որ անսխալ զեկուցի:

Ոչ պակաս կարևոր էր Ռոբերտ Քոչարյանի համախոհների հզոր աջակցությունը, և կարևորը՝ վաղուց իրենց դիմակները պատռած  սադրիչներին դիմակայելը:

Իրենց իրական դեմքը ցույց տվեցին նաև «Ազատությունն» ու «Հ1»-ը, որ ոստիկանների կողմից սադրանքների համար շենքից հեռացված և «հանցագործության մասին հաղորդում տվողների»   հետևից ընկած՝ մարդու իրավունների պաշտպանի դեր էին ստանձնել:

Ի դեպ, հենց այդ իրավունքների տեսակետից «ամեն թաղման մեջ մեռել» Վարգես Գասպարին պետք է պատասխանատվության ենթարկվի հրապարակային վիրավորանքների համար :  Եթե չապացուցի Քոչարյանի  հասցեին իր ոռնացող մեղադրանքները՝ թող դատվի կամ բուժվի վերջապես:

Ըստ իս, ամենից կարևոր շեշտադրումն  այս նիստում այն էր, որ դատավոր Գրիգորյանը հայտարեց, որ բաց դատավարություն է, և տուժողները կարող են ներկա լինել, բայց ոչ որպես  դատավարական կողմ: Նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝  նիստին ներկա ոչ անհայտ Վահե Գրիգորյանն  ասաց, որ եթե տուժողները չեն մասնակցում, ինքն էլ  այլևս  չի մասնակցի:

Այսինքն, հազարարերորդ անգամ ապացուցվում է, որ սպանությունների հետ այս գործը ո՛չ մի կապ չունի: Ի դեպ, մի հետաքրքիր նրբերանգ՝ դատավոր   Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահին դիմում էր պարոն  Քոչարյան, իսկ Վահե Գրիգորյանը՝ ամբաստանյալ Քոչարյան:

Եվ վերջում, ուզում եմ առանձին շեշտել պարոն Քոչարյանի զուսպ ու արժանապատիվ կեցվածքը:  Չէր շրջվում, ժպիտներ ու ռեպլիկներ չէր նետում, խոսում էր  միայն փաստաբանների հետ: Ո՛չ  մի սենտիմենտալություն... 40 րոպեանոց ընդմիջման ժամանակ մեկ անգամ  միայն ողջունեց դահլիճին, որը պայթում էր «Ազատություն» և «Նախագահ» վանկարկումներից:

Վաղը կկայանա երկրորդ նիստը: Բայց մեծ հարցական է, թե հաջորդը երբ կլինի: Հատուկ միամիտների համար ասենք, որ էնպես չի, որ մեկ-երկու նիստ կլինի  ու Նիկոլի կամքը կկատարվի: Դատավարությունը, այն էլ կարած-կցմցած 80 հատորանոց նախաքննությամբ, այնքան կհոգնեցնի բոլորին, որ շատ շուտով մարդիկ  կվերադառնան  իրական   կյանք... և երիտկառավարականները ստիպված կլինեն նոր շոուներ մոգոնել: 

Լիա Իվանյան, հրապարակախոս

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ