Եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և նախկին, դիմել են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին թուլ տային մասնակցել Արցախում Մայիսյան եռատոնի միջոցառումներին, պետք է հարգերին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին. Tert.am-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
«Նրանց դիմումն այն չէր, որ ընդհանրապես քրեական գործի հետապնդումը կասեցնեին, նրանց հայտարարությունն այն էր, որ գոնե այս օրը, Հաղթանակի օրը բոլոր նախագահները ներկա գտնվեին, մասնակցեին մեր հաղթանակների տոնին: Ճիշտ չեն արել, ըստ իս, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունը»,-ասել է նա:
Դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ Արցախը ՀՀ ներքին գործերին է խառնվում, Վիտալի Բալասանյանը պատասխանել է, թե դա չի նշանակում, որ ներքին գործերին են խառնվում կամ սփյուռքահայության ներին գործերին են խառնվում։
«Մենք ժամանակին ասել ենք, որ ունենք հայկական երկու հանրապետություն՝ մեկ հայրենիք, դա մեր ամբողջական հայրենիքն է, ինչի՞ մասին է խոսքը»,-ասել է նա:
Վիտալի Բալասանյանը նշել է, որ Մայիսյան եռատոնին Ռոբերտ Քոչարյանին մասնակցել թույլ տալով կարելի էր հենց այս օրը սկիզբ դնել հայերի միասնականությանը և շարունակել ձեռքբերումները: Անդրադառնալով Արցախում սպասվող նախագահական ընտրություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք Սամվել Բաբայանին մրցակից համարում է, Վիտալի Բալասանյանը նշել է, որ եթե օրենքի տառին և Սահմանադրությանը համահունչ է, եթե իրավունք ունի առաջադրվել, ապա որևէ խնդիր չի տեսնում: «Ես որևէ մեկին մրցակից չեմ համարում, երբ գրանցումը կլինի, այդ ժամանակ կխոսենք»,-ասել է նա և նշեց, որ իր միասնականության կոչը բոլորին է վերաբերում:
Հարցին, թե տոներին մասնակցելու պաշտոնական հրավեր Սամվել Բաբայանին ևս եղել է, Վիտալի Բալասանյանը նշել է, որ այնպես չէ, որ պետք է հրավիրեն: «Ամեն մի քաղաքացի, մարդ, հատկապես այն մարդիկ, ովքեր ժամանակին իրենց մեծ լուման են բերել, պարտավոր են մասնակցել այս Եռատոնին»,-ասել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը