Հզոր ընդդիմադիր ուժեր են միավորվում, որոնք շուտով մարտահրավեր են նետելու Հայաստանի նոր իշխանություններին։ Այս մասին Reuters գործակալությանը տված գրավոր հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հույս հայտնելով, որ ինքն էլ կլինի նրանց մեջ։
Նրա խոսքով՝ Հայաստանում այժմ հայտնվում են նոր քաղաքական գործիչներ և ընդդիմադիր կուսակցություններ։
«Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի հզոր քաղաքական ուժի ստեղծման, որը կարող է շատ արագ իշխանություններին մարտահրավեր նետել»,- ասել է նա:
Հարցին՝ ինքն անձամբ արդյոք կներգրավվի՞ այդ ընդդիմության մեջ, նախկին նախագահը դրական է պատասխանել. «Այո, իհարկե»։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե դա ինչ տեսքով կլինի իր մասնակցությունը:
Խոսելով զանգվածային ցույցերի մասին, որոնք նախորդ տարի Հայաստանում հանգեցրին իշխանափոխության՝ նա նշել է, որ դրանց պատճառը «հանրության շրջանում կուտակված դժգոհությունն էր եւ փոփոխությունների ձգտումը»:
«Ես դա հեղափոխություն չէի անվանի, քանի որ երկրում արմատական փոփոխություններ չեն կատարվել՝ բացի հանրության մեջ մեծ ագրեսիայի, ղեկավարության շրջանում՝ պոպուլիզմի եւ դիլետանտության առաջացումից»,- հայտարարել է Քոչարյանը:
Նա նաեւ պաշտպանել է 2008 թվականի իրադարձությունների ժամանակ իր ընդունած որոշումները: «Կարգը վերականգնվեց միայն արտակարգ դրություն մտցնելուց հետո եւ դրա շնորհիվ: Դա չանելը կնշանակեր նախագահի կողմից պաշտոնական անգործություն դրսեւորել»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Իրեն ներկայացված մեղադրանքները, երկրորդ նախագահի խոսքով, քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է Փաշինյանի կառավարությանը՝ իրեն անազատության մեջ պահելու նպատակով օրենքներն ընտրողաբար կիրառելու մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը