03 05 2019

Նաիրա Զոհրաբյանի համար կառավարության բարձր տրամադրությունն անհասկանալի էր

Նաիրա Զոհրաբյանի համար կառավարության բարձր տրամադրությունն անհասկանալի էր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինձ համար, այո, կենդանուն դաժանաբար սպանածի, խոշտանգածի և պոտենցիալ մարդասպանի միջև շատ մեծ տարբերություն չկա

Երեկ կառավարությունը քննարկեց իմ և իմ գործընկերների նեկայացրած նախագիծը` որով մենք առաջարկում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է կենդանու ոչնացմանը կամ խեղմանը, կենդանիներին խոշտանգելը` քրեականացնել և որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրպատիկը, կալանք` մեկից երեք ամիս ժամկետով և կամ ` ազատազրկում` մինչև մեկ տարի ժամկետով: 

Մինչև հիմա կենդանիների հանդեպ դաժան, անմարդկային վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումներ մասին »օրենքով նման անձիք ընդամենը ենթարկվել են ծիծաղելի տուգանքների:

Երեկ, սակայն, ինձ համար հասկանալի չէր նախագծի քննարկման ժամանակ կառավարության որոշ անդամների անհասկանալի պահվածքը և խիստ բարձր տրամադրությունը, երբ պատմում էին, օրինակ, կատվին վզից բռնելու և թափ տալու մասին պատմություններ: Ես չեմ ասում կատվին վզից բռնող երեխային էլ դատենք, բայց ես կարող եմ ասել, որ մենք այնպես պետք է մեր երեխաներին դաստիարակենք, որ կատվի վզից չբռնեն ու թափ չտան:

Եւ մեկ էլ մի դիտարկում` վարչապետը մտահոգություն հայտնեց, որ այս նախագծի ընդունման դեպքում եթե մեկը որոշել է գառ մորթել ու մատաղ անել` պիտի գնա նստի՞: Ոչ, իհարկե, ոչ: Եւ այդ տարընթերցումները բացառելու համար մենք օրենքում ամրագրել ենք` «հատուկ խուլիգանական դրդումներով» կատարված կենդանու սպանություն, խեղում և խոշանգում: Ես չեմ կարծում, որ մեր երկրում մատաղ անում և գառ են մորթում «հատուկ խուլիգանական դրդումներով»։ 

Ինչևէ, կառավարությունը դրական եզրակացություն է տվել մեր նախագծին, անելով որոշ առաջարկներ, որոնք որպես օրենքի հեղինակներ՝ մենք պատրաստ ենք քննարկել: Հույս ունեմ, որ հնարավորինս արագ խորհրդարանը կընդունի օրենքը և «հավեսի համար» կենդանի սպանողը, ծանակողն ու խոշտանգողը բերդում իր արարքի մասին մտածելու բավարար ժամանակ կունենա: Շնորհակալ եմ «Դինգո» թիմին և Նարե Արամյանին` օրենքի նախապատրաստման գործում ինձ աջակցելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ