ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջորջ Քենթը հայտնել է, որ Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում իր պատասխանատվությանը և հավատարիմ է խաղաղ ճանապարհով հակամարտության լուծման հարցում կողմերին աջակցելու ձգտմանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Ուրախ ենք, որ հանդիպումներ են տեղի ունեցել երկրի ղեկավարների և ԱԳ նախարարների մակարդակով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում լարվածության թուլացման վերաբերյալ: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ-ների վերջին հանդիպմանը Մոսկվայում բավարար համաձայնություններ են ձեռք բերվել։
Ինչ վերաբերում է հաջորդ հանդիպմանը, չեմ կարող ասել, թե հանդիպման վայրը որոշել ենք, բայց վստահ եղեք, որ ԱՄՆ-ն լուրջ է վերաբերվում իր պարտականություններին: Մենք ցանկանում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի տեղակալ Ուիլյամ Գիլը հայտնել էր, որ ԱՄՆ-ն կարող է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ հանդիպումը Վաշինգտոնում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը