ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է Հայաստանի վերջին մեկ տարվա ներքաղաքական կյանքը։
«1. Ընդդիմադիր մի փոքրիկ խումբ որոշեց քայլերթով Գյուրմրիից հասնել Երևան:
2. Գործող իշխանությունների կողմից ստեղծված լիարժեք ժողովրդավարության պայմաններում, մի քանի մարդկանց կողմից սկսված սովորական քայլարշավը վերածվեց հանրային բնականոն կյանքի խաթարման, շանտաժի, որոշ դեպքերում նաև հակաօրինական գործողությունների:
3. ՀՀԿ-ական իշխանությունը առաջին իսկ օրից հրաժարվեց օրենքով սահմանված կարգով լեգիտիմ ուժ կիրառելու իր հնարավորություններից, ինչից օգտվելով ընդդիմությունը կարողացավ օրեցօր մեծացնել հանրային մասնակցությունը:
4. Երկրի օրինական ընտրված վարչապետը հրաժարական տվեց:
5. Փողոցի վրա ունեցած բացարձակ ազդեցությամբ և կիրառված մանիպուլյացիոն հնարքներով (օրինակ՝ պարտադրված օրակարգով հրապարակային բանակցությունների հրավեր ՀՀԿ-ին, համագործակցության հրավեր խորհրդարանական ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին, մամլո ասուլիս օտարերկրյա լրատվամիջոցներին, իշխանության համար մղվող պայքարի հռչակումը իբրև թավշյա հեղափոխություն և այլն) Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն լեգիտիմացրեց՝ հանդես գալով որպես ժողովրդի թեկնածու:
6. Ազգային Ժողովի վրա կազմակերպված երկու գրոհներից (մայիսի 1-ին և մայիսի 8-ին) և պատգամավորների վրա գործադրված՝ այդ թվում նաև անօրինական ճնշումներից (ընտրիր մեր թեկնածուին և կներվեն քո բոլոր “մեղքերը” կարգախոսի ներքո) հետո Նիկոլ Փաշինյանը ընտրվում է վարչապետ:
7. Առաջին անցումային-անբովանդակ-անծրագիր կառավարության ձևավորումից հետո սկսվում է մարտի 1-ի գործով վենդետան: Առայժմ դեռ պարզ չէ դա արդարության ու օրինականության վերականգնման, անձնական հաշիվների, թ՞ե քաղաքական հորիզոններ ունեցող հաշվեհարդար է:
8. ՀՀԿ-ն խորհրդարանում և Երևանի ավագանիում դեռ մեծամասնություն էր ՝ հետևաբար իշխանափոխությունը ավարտված չէր կարելի համարել: Պատերին ծեփելու, ասֆալտին փռելու, ականջները քաշելու, և այլ բացառապես դեմոկրատական լոզունգներով սկիզբ է դրվում քաղաքականությունից բիզնեսի տարանջատմանը:
9. Երևանի ավագանին հանկարծ որոշում է, որ քաղաքի փրկության, յուրաքանչյուր երևանցու երջանիկ ապագայի, ինչպես նաև Երևանի տարբեր փողոցները հերոսաբար փակած երիտասարդների աշխատանքի հարցերը լուծելու համար պետք է գնալ արտահերթ ընտրությունների:
10. Արդյունքում “տարանջատված բիզնեսը”` ոգեշնչվելով իշխանափոխության վեհ գաղափարներով և միանալով անուշահամ էյֆորիային, Երևանի ավագանու, ինչպես նաև Ազգային Ժողովի ընտրություններում իր վճռորոշ քվեն է տալիս “Իմ Քայլը” դաշինքին՝ առանց թեկնածուներին անգամ ճանաչելու:
11. Երևանի ավագանու արտահերթ ընտրություններով ավարտվում է իշխանափոխության երկրորդ փուլը, սակայն հասարակության էյֆորիան դեռ շարունակվում է և այն պետք է արդյունավետ ուղղորդել:
12. Հոկտեմբերի սկզբին կազմակերպվում է երրորդ գրոհը Ազգային Ժողովի վրա, որի արդյունքում ԲՀԿ ու ՀՅԴ-ն ևս հայտնվում են ընդդիմության շարքերում՝ իշխանական բոլոր լծակները թողնելով հայ ժողովրդի դարերով երազած միակ քաղաքական ուժին՝ “Իմ Քայլը” դաշինքին:
13. Սահմանադրության դեմքը փրկելու և Ազգային Ժողովը ինքնալուծարման տանելու նպատակով Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է վարչապետի պաշտոնից, ու վայն եկել ու տարել է նրան, ով այս երկրում հանկարծ կորոշի վարչապետի թեկնածու առաջադրվել: Թավշյա թատրոնի երրորդ արարը ևս հաջողությամբ ավարտվում է:
14. Հետո այս ամբողջ մղձավանջային խառնաշփոթի մեջ հիշում ենք, որ երկիրը նախագահ ունի, որն էլ հայտարարում է ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին, որի միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության լիարժեք ձեռքբերումն ու ՀՀԿ-ի քաղաքական մեկուսացումն է:
15. Սկսվում է նոր խորհրդարան-նոր վարչապետ-նոր կառավարություն (դեռևս անհայտ կառուցվածքով) փուլը, որը շարունակում է կռիվ տալ անցյալի հետ՝ առանց ապագայի վերաբերյալ պատկերացում ունենալու:
Սա մեր պետության վերջին մեկ տարվա պատմությունն է: Սրանք են եղել մեր "գաղափարական ու ծրագրային պայքարի, աշխարհայացքի ու տեսլականների" բախման արդյունքները: Պարզ, սովորական իշխանափոխություն: Ենթադրվում էր, որ այն արվում է քաղաքացու պահանջներն ու ակնկալիքները բավարարելու համար:
Հարկ է նշել, որ անմիջապես իշխանափոխությունից հետո հարցում է իրականացրել միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ համաձայն որի Հայաստանի ՔԱՂԱՔԱՑԻՆ ակնկալում էր, որպեսզի ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ.
1-ին ստեղծի աշխատատեղեր,
2-րդ վերացնի կոռուպցիան,
3-րդ ապահովի ծանոթությունից և կոռուպցիայից զերծ աշխատաշուկա,
4-րդ ապահովի մատչելի բնակարան և ցածր տոկոսադրույքներ,
5-րդ. իջեցնի կոմունալ վճարների, հարկերի (եկամտահարկի), երթևեկության տուգանքների և սննդի ու վառելիքի գները,
6-րդ. էականորեն բարձրացնի աշխատավարձերը և կենսաթոշակները,
7-րդ. բարելավի ենթակառուցվածքները (ճանապարհներ, բնակֆոնդ),
8-րդ . Հայաստանում ավելացնի ներդրումները,9-րդ . զարգացնի փոքր բիզնեսը և այլն:
ՔԱՂԱՔԱՑՈՒ 1-ին ակնկալիքը գոյություն չունի ընդհանրապես, 2-րդով պայքարը սկսված է, սակայն պարզվում է, որ նրանում ընդգրկվում են նաև թավշյա տղերքը,3-րդով ասում են բան չի փոխվել. քաղծառայության մրցույթներով նշանակվում են միմիայն յուրայինները,4-րդի վերաբերյալ ինչ որ աղոտ հույսեր հեռու ապագայի համար գուցե լինեն,5-րդի դեպքում հակառակն է տեղի ունենում,6-րդով որոշ ոլորտներում հայտարարվում է 10%-անոց աճ ապագայի համար,7-րդով դեռ տեղաշարժ չկա,8-րդի վերաբերյալ առայժմ միայն կենացներ են ասվում,9-րդի մասին վիճակագրությունը լռում է:
Շնորհավոր տոնդ սիրելի համաքաղաքացի»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը