ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, աշխատանքը թողնելուց հետո կմեկնի Վաշինգտոն. նա կաշխատի Արժույթի միջազգային հիմնադրամում:
Իր հետագա գործունեության եւ առաջիկա ծրագրերի մասին NEWS.am-ի հետ զրույցում Արտակ Շաբոյանը նշել է. «Նախքան այս հանձնաժողովում պաշտոնավարելը, ինչպես գիտեք եղել եմ ՊԵԿ փոխնախագահը, դրանից առաջ աշխատել եմ Կենտրոնական բանկում եւ այդ բոլոր տարիներին, սկսած՝ 2004 թվականից ակտիվորեն համագործակցել եմ Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Իսկ 2007-ից մինչ օրս հանդիսանում են միջազգային այդ հեղինակավոր կառույցի խորհրդատու եւ միաժամանակ դասախոսել եմ այդ կառուցի՝ Վիեննայում գտնվող վերապատրաստման ինստիտուտում:
Պայմանավորված վերջին տարիներին Հանձնաժողովի ծանրաբեռնվածությամբ եւ իրականացված աշխատանքների մեծ ծավալով մի փոքր պասիվացել էր ԱՄՀ-ի հետ իմ համագործակցությունը: Կարծում եմ հիմա արդեն կվերականգնեմ իմ աշխատանքային հարաբերությունները այդ կառույցում»:
Հարցին, թե ինչպես է վերաբերում այս նոր նշանակմանը, Արտակ Շաբոյանը պատասխանել է. «Ինձ համար պաշտոնը մշտապես եղել է մեծ բեռ եւ լուրջ պատասխանատվություն: Այս տարիների ընթացքում հիմնականում չեմ օգտվել օրենքով ինձ հասանելիք արձակուրդից: Մտածել եմ, որ անգամ մեկ օր ավել աշխատանքը կարող է նպաստել մեր երկրում թեկուզ մի փոքր խնդրի լուծմանը:
Կարծում եմ անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ ՏՄՊՊՀ-ում իմ ղեկավարման տարիներին մեր երկրի մրցակցային վիճակն էապես բարելավվել է, եւ դա ոչ թե իմ այլ միջազգային վարկանիշային կառույցների գնահատականներ են: Անկախ այն բանից, թե որտեղ կշարունակեմ իմ աշխատանքային կարիերան, անելու եմ ուժերիս ներածին չափով առավելագույնը՝ մեր երկրի զարգացման ու առաջընթացի համար»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանի թեկնածությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը