«Այստեղ հարց հնչեց՝ ի՞նչ է արել ԲՀԿ-ն: Ես կարծում եմ, որ դուք տարրական բարոյականություն պետք է ունենաք նման հարց չհնչեցնելու: Համազասպ, մի քիչ զուսպ եղեք: Այն, ինչ արել է «Բարգավաճ Հայաստանը» Ձեր քաղաքական շատ փոքր կենսագրությունը թույլ չի տալիս այն գնահատել և հասկանալ»,- ԱԺ ելույթում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի այն ելույթին, թե արդեն ավանդույթ է դառնում, երբ ընդդիմություն հանդիսացող խմբակցությունները բերում են նախագծեր, որոնց բովանդակությունը վիճելի է և «պոպուլիզմ»։
«Մի քիչ համեստ եղեք, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, եթե չլիներ էստեղ նստած Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը և եթե չլինեին մեկ-երկուսը, ուզում եմ հարցնել՝ որտե՞ղ կլիներ ձեր գերակշիռ մեծամասնությունը, հաստատ ոչ այս դահլիճում: Տարրական հարգանք ունեցեք քաղաքական փորձառություն ունեցող ուժերի և գործիչների հանդեպ: Մի՛ փորձեք հանրությանը անընդհատ վախեցնել հակահեղափոխության ուրվականով և ստվերներով, մի՛ փորձեք ամեն տեղ, ամեն անկյունում թշնամիներ գտնել: Հասկանում եմ՝ եթե գործ չկա անելու, Ձեզ հեշտ է փնտրել թշնամիներ: Բավական է, այդ գործելաոճն իրեն սպառել է: Եթե ձեզանից շատերն իրենց կրծքանշանը հանեն, որի վրա գրված է Ազգային ժողովի պատգամավոր, վստահեցնում եմ՝ ձեզնից որևէ մեկը չի վաստակել իրավունքը՝ ասելու, որ ԲՀԿ-ն ներկայացնում է «անհեթեթ նախագիծ»:
Սա արդեն խոսում է ձեր քաղաքական դաստիարակության, ձեր քաղաքական վարքագծի բացակայության մասին, մի եղեք այդքան մեծամիտ, ամեն օր շնորհակալ եղեք, Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որ դուք այսօր այստեղ ուղղակի նստած եք, նստած եք և պատահականորեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը