14 04 2019

Մեծ վտանգներին ընդառաջ․ Panorama.am

Մեծ վտանգներին ընդառաջ․ Panorama.am

Politik.am-ը գրում է․ Ինչո՞ւ Նորագավիթի մաքսատանը   ՀՀ վարչապետի խոսքի  անթույլատրելի տոնը   դարձավ հանրային դժգոհության առարկա այն դեպքում,երբ անգամ կառավարության նիստերն են անցկացվում   գրեթե փողոցային  բառապաշարով, էլ չենք խոսում հանրահավաքային սպառնալիքների մասին: Որովհետև թիրախը շարքային քաղաքացին էր,  ով օլիգարխ չէ՛ր, կոռումպացված չինովնիկ չէ՛ր, հանրապետական չէ՛ր, նախկին ռեժիմի պաշտպան չէ՛ր: Նա ընդամենը հպարտ քաղաքացի էր, 3 միլիոն վարչապետերից մեկը, և  նրա փոխարեն կարող էր լինել  յուրաքանչյուրը:

Այն, որ մարդկանց  նկատմամբ անհարգալից վերաբերմունքը ներկա վարչապետի բնավորության ցայտուն գծերից է՝ ակնառու էր դեռևս նրա լրագրող-ընդդիմադիր ժամանակերից:  Իսկ  հիմա, անտեսելով օրենք ու Սահմանադրություն, նա ինքն իր  իրավունքների որևէ սահմանափակում չտեսնելով՝ դրսևորում է  երկրի ղեկավարին  անվայել վարքագիծ: Իրականությունից կտրվելուց բացի  ուրիշ ի՞նչ բացատրություն կարելի է տալ ամենատարրական բարեկրթության կանոնները ոտնահարելու նրա  մոլուցքին  (զերծ ենք մնում  նրա դաստիարակությանն առնչվող գնահատականներից):

Խնդիրն ահագնանում է նրանով, որ  դրանից վարակվում են նաև կառավարության նիստերին կատու դարձած, իսկ իրենց աշխատավայրերում   կատու ճղող գերատեսչությունների ղեկավարները:  Միապետական-բռնապետական այս դրվածքով «Նիկոլ և ընկ.»   հեռացումը քայլով չի լինի, այլ միանգամյա  գահավիժումով կանհետնան մեր պատմությունից:

Բայց չպետք է մոռանալ, որ զբաղեցրած  աթոռը ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական իրավունք չի տալիս վիրավորել այլոց արժանապատվությունը: Պետք չէ նաև երազել, որ  վախը կարող է  այն աստիճան  լափել ժողովրդին, որ կհամակերպվենք  պլանտացիաներում մարիխուանա աճեցնող   ստրուկի կարգավիճակին: Նորագավիթի մաքսատանը կատարվածը Փաշինյանի խոշոր պարտություններից մեկն էր, քանի որ նա  ցույց տվեց ժողովրդի նկատմամբ ունեցած իր իրական վերաբերմունքը: Իսկ ժողովուրդը նման բաներ չի մոռանում:Անկեղծ ասած, միշտ մտածում եմ  հաշտության-համերաշխության հորդորներով համեմել գրածներս, որովհետև համոզված եմ, որ մեր ներքին տարաձայնություններն անմիջապես հետին պլան կմղվեն արտաքին վտանգի առկայության դեպքում: Սակայն ամեն օր իշխանական բարձունքներում կատարվում են իրադարձություններ, հնչում են մտքեր, լինում են նշանակում-ազատումներ, որոնք տարակուսանքից բացի կասկած  են առաջացնում՝ ՀՀ իշխանությունների հայրենիքի անվտանգությունն ամեն ինչից վեր դասելու  կապակցությամբ:

Օրինակ՝ վերջերս  նոր թափ են առել այստեղ-այնտեղից հնչող հակառուսական դիրքորշումները, առաջարկներն ու մեղադրանքները: Թարմ օրինակներից  է ռուսական  հեռուստաալիքներից մեկի հեռարձակումն արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ  իմքայլական Նարինե Թուխիկյանի առաջարկն իբր  այն մտահոգությամբ, որ հեռուստադիտողներին անհանգստանցնում են հնչող հակահայկական տրամադրություններ: Ախր ի՞նչ կարիք կա ջայլամություն անելու...  կարելի է մտածել, որ  Հայաստանում չեն տեսնում կամ չեն խոսում այն ամենի մասին, ինչի սոսկ  մի մասն է հնչում է ռուսական եթերից:

Բայց սա իհարկե խաղալիք է կարկառուն հհշական Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած  սկանդալային հայտարարության համեմատ: ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը  ոչ ավել, ոչ պակաս՝ մեղադրեց Պուտինին հոկտեմբերի 27-ը կազմակերպելու համար: Մոլորակի հզոր պետություններից մեկի ղեկավարին ահաբեկիչներին հովանավորելու մեջ մեղադրողը կարո՞ղ  է անկասելի ապացույցներով հաստատել իր ասածը:

Ո՞վ է պատասխան տալու այս   հայտարարության  համար՝  Հայաստանի Հանրապետությո՞ւնը, Արցա՞խը...  թե  Նիկոլ Փաշինյանը դարձյալ պիտի սրբագրումներ անի՝ համոզելով իրեն ու աշխարհին, որ Պուտինի հետ փայլուն հարաբերություններ ունի:  ՀԱՊԿ-ի հարցերը դեռևս չլուծված ասպարեզ է նետվում մեկ այլ, ավելի կործանարար  հակառուսական ական...  ժամանակը ցույց կտա՝ վարչապետի գիտությա՞մբ, թե հենց նրա դեմ: Եվ ընդհանրապես ո՞վ է իրական կառավարիչը Հայաստանում՝ Սորո՞սը, աղանդնե՞րը, Լևոն Տեր-Պետրոսյա՞նը: Սորոսի սաների բարձր պաշտոնները թաքցնելն այլևս  չի լինի... այնքա՜ն շատ են նրանք:  Իսկ անցյալ տարվանից նշմարվող  հհշական ուղղվածությունն արդեն լիովին բացահայտվում է նշանակումների տեսքով:

Հերթական  մտահոգիչ նշանակումներից  (ընտրություն ասելը դժվար է) առանձնացնենք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին:  Ի՞նչ երաշխիքներ կան, որ   որ վաղը մյուս օրը  Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն չեն լծվի իշխանական խաղաղասիրական քարոզին; որ  հանրային հեռուստատեսությունով չեն հեռարձակվի  ՛՛մեր զոհված հերոսները ոչինչի համար են զոհվել՛՛ մտայնությամբ  նախագծեր;  որ մեր իրական հերոսների փոխարեն աճող սերնդին որպես իդեալ չեն մատուցվի գրանտակերներն ու տրանսգենդերները: 

Մտավախությունը դատարկ տեղից կամ չարությունից չի ծագել, այլ  այն փաստից, որ  ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Շիրինյանը   Մարտի 1-ի իրադարձություններին նվիրված «Հայաստանի կորսված գարունը»   խիստ միակողմանի, միարժեքորեն քարոզչական  և քաղաքականացված  ֆիլմի ռեժիսորն է:  Այսպիսով կարելի է ասել, որ իշխանությունները Հանրային հեռուստառադիոընկերությունն էլ հանձնեցին Տեր-Պետրոսյանին ու Սորոսին։  Մեր աչքի առաջ կատարվող այս իրադարձությունները ապագա  մեծ վտանգների ուղիներն են հարթում»։

Լիա Իվանյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ