13 04 2019

Առայժմ միայն լսում ենք կառավարության կողմից հնչեցված ձևական հայտարարություններ. Արծվիկ Մինասյան

Առայժմ միայն լսում ենք կառավարության կողմից հնչեցված ձևական հայտարարություններ. Արծվիկ Մինասյան

Yerkir.am-ը գրում է.

«Իշխող ուժի կողմից միայն բարձրագոչ հայտարարություններ ենք լսում և ընդամենը ցանկություններ, բայց իրական գործողություններ չկան: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով` Yerkir.am-ի հարցմանը ՀՀ կառավարության աշխատակազմի պատասխանին:

Հիշեցնենք, որ խմբագրությունը մարտի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ կառավարություն` պարզելու համար, թե արդյո՞ք հաշվի են առնվում ՀՅԴ-ի` կառավարության ծրագրի հետ կապված դիտողությունները: Ի պատասխան` ապրիլի 11-ին կառավարությունից արձագանքել էին` նշելով, որ վարչապետը ծանոթ է ՀՅԴ-ի դիտարկումներին:

- Ի պատասխան Yerkir.am կայքի հարցման`վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ նա ծանոթ է ՀՅԴ-ի կողմից հրապարակված երկու փաստաթղթերին, այն է`կառավարության ծրագրի վերաբերյալ և կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ մոտեցումներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Առաջին հայացքից թվում է, որ սա դրական լուր է, սակայն, դատելով վարչապետի և կառավարության վարքագծից, այն է` կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ արտահայտած մոտեցումներից, նաև կառավարության կառուցվածքի նախագծից, որն ուղարկվեց Ազգային ժողով, և քաղաքական մեծամասնության մոտեցումներից, խիստ կասկածում ենք, որ վարչապետը ծանոթ է այդ փաստաթղթերին, որովհետև նախ` եթե ծանոթ լիներ, կտեսներ` կառավարության ծրագրի վերաբերյալ մենք խորը վերլուծություն ենք իրականացրել, և քննադատություններն ու առաջարկությունները մի շարք դեպքերում ուղղված էին հենց այն բանին, որ ծրագրում չպետք է պարունակվեն այդպիսի դրույթներ:

Երկրորդ`ծանոթ լինել` նշանակում է խորությամբ ընկալել մեր առաջարկությունների տրամաբանությունը, բայց, ցավոք, այդ տրամաբանությունը չի երևում թե’ կառավարության ընդունված ծրագրում, թե’ կառավարության կառուցվածքի վերաբերյալ նրանց մոտեցումներում:

Երրորդ` կառավարության ծրագրի վերաբերյալ մեր առաջարկությունները ներկայացնելիս չափազանց կարևորել ենք, որ յուրաքանչյուր գործողություն պետք է լինի չափելի: Դրա սոցիալ-տնտեսական ազդեցությունը պարզ քաղաքացու վրա պետք է լինի տեսանելի և շոշափելի: Դատելով այս ժամանակահատվածում ձևավորվող ու դրսևորվող քաղաքականությունից` այս մոտեցումը չկա: Այսինքն` կառավարությունն իրականացնում է մի քաղաքականություն, որտեղ քաղաքացին չկա, Հայաստանի քաղաքացին այդպես էլ իր ապագան չի կարող տեսնել ձեռնարկվող այդ գործողություններում: Ընդհակառակը` անընդհատ տեսնում ենք դժգոհություններ, բողոքներ` այս կամ այն ոչ իրավաչափ ու ոչ տրամաբանական գործողություններով պայմանավորված:

Կառավարության կառուցվածքն առանձին թեմա է, որին պետք է մանրամասն անդրադառնալ, որովհետև այն ոչ միայն այսօր ՀՀ Սահմանադրությանը չհամապատասխանող գործողությունների ամբողջություն է, այլև կառուցվածքի նախագիծը, որ ներկայացված է կառավարության կողմից, չի դիմանում որևէ քննադատության` սկսած նրանից, որ մշակույթի, սփյուռքի նախարարություններն առաջարկվում է վերացնել, իսկ գյուղատնտեսության նախարարությունը` միացնել էկոնոմիկային, ավարտած նրանով, որ այս օրենքում հստակ կանոնակարգումներ չկան նաև լիազորությունների տարանջատման մասով: Այս հարցերը մնացել են բաց, և դրանց մատների արանքով նայելը հանգեցնելու է ամբողջ կառավարության և, ի վերջո, պետության ձախողումների, որի պատասխանատուն, անշուշտ, իշխող քաղաքական ուժն է` իր ձևավորած կառավարությունով:

- Պարո’ն Մինասյան, հարցման պատասխանի երկրորդ հատվածում իշխող ուժը պատրաստակամություն է հայտնել քննարկումներ կազմակերպել: Պատրա՞ստ եք մասնակցել այդ քննարկումներին:

- Անշուշտ, կարևոր է այս ցանկությունը, բայց առայժմ մենք չենք տեսնում դրա առարկայական դրսևորումը: Միայն բարձրագոչ հայտարարություններ ենք լսում, և ընդամենը արտահայտվում են ցանկություններ, բայց իրական գործողություններ չկան: Ավելին`երբ մենք ենք նման քննարկումներ նախաձեռնում, դրանց անհաղորդ են մնում, կարծես տարբեր լեզուներով ենք խոսում: Կարծում եմ, որ այս հայտարարությունները ոչ թե ձևական պետք է լինեն, այլ, ըստ էության, բովանդակություն պետք է ունենան: Մենք, անկասկած, պատրաստ ենք բոլոր մակարդակներում քննակումներ կազմակերպել` վարչապետից մինչև այն անձինք, որոնք պատրաստել են այս նախաձեռնությունները, ներգրավելով նաև հանրության լայն շրջանակներին, այդ թվում` մասնագիտական: Սակայն առայժմ միայն լսում ենք կառավարության կողմից հնչեցված` ընդամենը ձևական բնույթ ունեցող հայտարարություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ