ՀՀ թիվ մեկ տիկինն ու իր ամուսինը, որը կառավարության ղեկավարն է, վերջին երկու օրերին լծված են արդարացումներով։ Բնականաբար, ամուսինը պաշտպանում է տիկնոջը, բայց ո՞ր հարցում։ Հայաստանում ձևավորված նոր իշխանությունը ոչ միայն առնչություն չունի ազգային արժեքների հետ, այլև ոտնատակ է տալիս դրանք, փորձում հեղինակազրկել արցախյան ազատամարտն ու բանակը։
Ընդամենը երեք օրինակ՝ բազմաթիվներից․
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ամերիկայի ձայնին» ասում է․ «Ադրբեջանցի կանանց ուղղված խոսքը հետևյալն է՝ առաջարկություն, որ իրենք նույնպես միանան այս նախաձեռնությանը և իրենք իրենց հերթին կոչ անեն իրենց ղեկավարությանը, որ երբևէ ղարաբաղյան հակամարտության փուլում չդիմեն ուժի կիրառմանը և պատերազմի, որովհետև բացի այն, որ կանայք իրավունք ունեն այդ հորդորն ուղղել մարդկանց որպես մայր, որպեսզի խնայեն իրենց որդիների կյանքը, կյանքը նաև ցույց տվեց, որ փորձ արվեց Ադրբեջանի կողմից դիմելու բռնության, ուժի կիրառման, պատերազմի, որը կրկին ավարտվեց ոչնչով, նրանց պատկերացումներն իրականություն չդարձան, այդ դեպքում նույնպես ունեցանք զոհեր, որոնք ոչնչի չօգնեցին: Սա անթույլատրելի է պարզապես»:
Ապրիլյան պատերազմում զոհերը ոչնչի համար էին, ոչինչին չօգնեցին։ Թվում է, թե տիկինն իրոք ունեցել է լեզվի սայթաքում, եթե հավատանք իր ու վարչապետ ամուսնու արդարացումներին։ Բայց փոքր-ինչ հետ գնալով՝ փաստում ենք, որ սա բոլորովին էլ մտքերի ոչ նորմալ դասավորվածություն չէ։
Հիշենք նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթը՝ Հայաստանում հեղափոխությունը շատ ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը։ Ռազմավարական նշանակության հանրային ռադիոյի շենքի գրավումը երկրի ներսում, ինչը եղավ 2018-ի ապրիլին, «դըմփ-դըմփ հո՜ւ»-ն, վերջապես՝ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելն ավելի կարևոր էր, փաստորեն, քան Արցախյան ազատամարտը, որը մեր անվիճելի ձեռքբերումն է։ Ու սա ասում է մարդ, որն այժմ երկրապահ կամավորական միության ղեկավարն է։ Իսկ գուցե, Սասուն Միքայելյանի տրամաբանությամբ, վիճելի՞ ձեռքբերում է Արցախը, ինքնիշխան լինելու իրավունք ունեցող հայ ժողովուրդի կամքը։ Չէ՞ որ Արցախի և բոլոր ազատագրված տարածքների պես ձեռքբերում մեր պատմության մեջ կարծես չենք ունեցել հարյուրամյակներով, Հայաստանի տարածքը միմիայն քչացել է մինչ այդ։
Իհարկե, սա դժվար մարսվող հայտարարություն էր, և քննադատությունների ալիքը հասավ նրան, որ իր նախընտրական գործերը թողած, հարցին միջամտեց Նիկոլ Փաշինյանը՝ մի բան էլ մունաթ գալով՝ «Բան ա՝ ասել ա, ի՞նչ եք վրա տվել» ոճով։
Սասուն Միքայելյանի արտահայտությունը հասարկությունը հազիվ էր մարսել, երբ նրան գերազանցեց ոչ ավել ոչ պակաս՝ կրթության և գիտության նախարարը։ Ապրիլիի վերջին շաբաթ օրը հռչակվում է քաղաքացու օր։ Գուցե ավելի ճիշտ է ասել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամի, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ նոր պաշտոն ստացածների օր։ Չէ՞ որ միակ շահողն այս ամենից դուրս եկավ հենց այդ կուսակցությունը, իսկ քաղաքացին ունեցավ ընդամենը նոր անօրակ ու ոչ կոմպետենտ իշխանություն, և ուրիշ ոչինչ։ Բայց դա, պարզվում է, պետք է լինի քաղաքացու համար ամենակարևոր տոնը։ Ըստ կրթության և գիտության նախարարի՝ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում երկրորդ ամենահիշարժան օրը անկախության տոնից հետո սա է։
Մեր տոնացույցում կան կարմիրով նշված օրեր, որոնց կարևորությունը որևէ մեկը վիճարկել չի կարող՝ մայիսի 9՝ հաղթանակների օրը, հունվարի 28՝ բանակի օրը, մայիսի 28՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը, հուլիսի 5՝ Սահմանադրության օրը, սեպտեմբերի 2՝ Արցախի անկախության հռչակման օրը, սեպտեմբերի 21՝ անկախության հռչակման օրը։
Ու կրթության և գիտության նախարարն այս ամենը հակադրում է տոնի, որի խորհրդանիշը, ըստ իրենց, լինելու է բակերում խորոված անե՞լը, այն էլ համազգային սգո օրից՝ ապրիլի 24-ից մեկ օրվա տարբերությամբ։
Իրենց և իրենց կուսակիցների և պաշտոններ ստացածների համար՝ միգուցե։
Հիմա այլևս կասկած չկա, որ ո՛չ Արայիկ Հարությունյանը, ո՛չ Սասուն Միքայելյանը, ո՛չ Աննա Հակոբյանը կամ վերջինիս ամուսինը պատահական բան չեն ասել։ Պատահական չեն նաև արդարացումները, որ յուրաքանչյուր զավեշտալի հայտարարությունից հետո հնչում են։ Սա այլևս պետական քաղաքականություն է, նախազգուշացում հայրենակիցներին, որ մեզ մոտ փոխվում են ազային արժեքները։
Սա, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը, հենց նոր Հայաստանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը