05 04 2019

Վարչապետը հաստատեց․ Հայաստանում գործերը հարուցվում են իր անմիջական ցուցումով

Վարչապետը հաստատեց․ Հայաստանում գործերը հարուցվում են իր անմիջական ցուցումով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ի երեկոյան հանդես եկավ ֆեյսբուքյան հետևյալ գրառմամբ․ «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի, և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:

Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում են նաև իր ցուցումով։ Սա առաջին դեպքը չէ, երբ ջրի երես են դուրս գալիս փաստեր, որ Հայաստանում արդարադատությունն առաջնորդվում է վարչապետի ցուցումով, ինչի մասին փաստում են, օրինակ՝ հայտնի գաղտնալսումները։

Եվ ինչպես Նիկոլ Փաշինյանն է նշում, «Սա նոր Հայաստանն է», ու նման բաները, հավանաբար, պետք է մեզ չզարմացնեն։ Սակայն երկրի Սահմանադրությունից և օրենքներից դեռ ոչ ոք չի հրաժարվել, անգամ Նոր Հայաստանում։

Իսկ Սահմանադրությունը և օրենքները սահմանում են, թե երկրի ղեկավարն ինչ լիազորություններ ունի կամ չունի։ Քրեական գործերի հարուցելու ցուցում տալու լիազորություն մեր երկրում ունեն բացառապես դատախազները։ Եվ, ի տարբերություն նախկինում առկա կարգավորումների, 2014 թվականից ընդունված հայեցակարգով քննչական մարմիններն ամբողջությամբ գործադիրից պետք է անկախ լինեն և «ցուցում» ստանալու իրավիճակում չլինեն։ Պատահական չէ, որ քննչական կոմիտեն, դատախազությունը, ՀՔԾ-ը որևէ կերպ հաշվետու չեն Գործադիր իշխանությանը։

Սա փաստացի վարչապետի կողմից իր լիազորությունները գերազանցելու օրինակ է և իր նկատմամբ քրեական գործ հարուցելու առիթ։

Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն և Ազգային Անվտանգության ծառայություն՝ պարզելու, թե ինչ քրեական գործեր են հարուցվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով իր նշանակման՝ 2018թ․ մայիսի 8-ից, մինչև 2019 թվականի ապրիլի 4-ը ներառյալ, դրանք քանի՞սն են և որո՞նք են։ ՀՀ ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է ՀՀ վարչապետին լիազորում քրեական գործ հարուցելու ցուցում տալ։ Եթե ՀՀ օրենսդրությունը վարչապետին չի լիազորում հանդես գալ նման ցուցումով, այդ դեպքում գլխավոր դատախազությունը դիտարկո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 4-ին ֆեյսբուքյան էջում գրառման հիման վրա նրա նկատմամբ քրեական գործի հարուցումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ