Politik.am-ը գրում է․ «Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար Սոկրատ Հովսեփյանը տարիներ շարունակ իր բազմաթիվ հոդվածներով և մամուլին տված հարցազրույցներով անդրադարձել է ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ 1991-1995թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եղած ժամանակ կատարած (Հովսեփյանի խոսքով. խմբ) ապօրինություններին ու թալանին:
Politik.am-ի հարցին, թե այդ հրապարակումները որևէ արձագանք ստացե՞լ են, Սոկրատ Հովսեփյանը պատասխանում է. «Բացարձակ արձագանք չի եղել, ուրիշ բան ասեմ՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վենդետա չի լինելու, հոդվածաշար գրեցի՝ վենդետա չի լինելու, բայց արժի, որ ժողովուրդը ճանաչի իր 30 տարվա թալանչիներին: Անդրանիկ Քոչարյանը մեր մարզպետի հետ իմ դեմ կազմակերպեց պրովոկացիա գյուղում, թե թալանել եմ, սա եմ արել, նա եմ արել, ու հազար ու մի բան: Եկան, ստուգեցին, 2 քրեական գործ հարուցեցին, տեսան՝ ոչինչ չի ստացվում, 2 քրեական գործերն էլ կարճվեցին: Իմ նկատմամբ տարբեր ժամանակներում 5 տարբեր քրեական գործեր են հարուցվել»:
Մեր հարցին, թե իր կարծիքով այդ բոլոր քրեական գործերի հետևում ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած, Հովսեփյանը պատասխանում է.«Միայն Անդրանիկ Քոչարյանը չի կանգնած, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած՝ ես միշտ եղել եմ ընդդիմադիր դատախազ, ընդդիմադիր պաշտոնյա, ընդդիմադիր մարդ: Ես ամբողջ կյանքում պայքարել եմ երկրի թալանչիների դեմ: Ես միշտ իշխանավորներին դեմ եմ եղել: Շեշտում եմ՝ իշխանությանը դեմ չեմ, իշխանավորներին եմ դեմ»:
Հովսեփյանը ծանոթ է նաև մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց՝ Անդրանիկ Քոչարյանը երկրաշարժի տարիներին Գյումրին թալանել է, ասում է՝ նման հոդվածներ եղել են դեռ 90-ականներին, բայց ինքը որևէ հստակ տեղեկություն չունի, փաստեր չունի. «Ես ականատես չեմ եղել, բայց շփվել եմ տարբեր գյումրեցիների, տարբեր մարդկանց հետ, ասել են, որ ինքը Գյումրիում իրոք էդպիսի բան է արել, ես չգիտեմ»:
Ըստ Սոկրատ Հովսեփյանի՝ Նիկոլ Փաշինյանը որքան էլ ազնիվ լինի, պետք է նաև իր շրջապատի մարդիկ ազնիվ լինեն, որ կարողանան պետությունն առաջ տանել: «Իշխանության գալը մի բան է, ազնվությունը մինչև իշխանությունը մի բան է, իշխանավոր լինելը և ազնիվ մնալը բոլորովին այլ բան է, որովհետև նյութական միջոցն այնպիսի զազրելի բան է, որ ցանկացած մարդու վարակում է: Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ես Նիկոլ Փաշինյանին քննադատում եմ միայն նրա համար, որ սկսել է ՀՀ 2-րդ նախագահից, ոչ թե հենց առաջինից: Բոլորն էլ թալանել են: 1990 թվականի մայիսի 27-ին ՀՀՇ-ն կազմակերպեց ավատյուրա, բազմաթիվ զոհեր եղան: Արեցին, որպեսզի գան իշխանության: Այդ բոլորը ՀՀՇ-ի խղճին է: Երբ ասում են՝ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվում, ասում եմ՝ երբ կբացահայտվի 1990թ.-ի մայիսի 27-ը, հոկտեմբերի 27-ն էլ կբացահայտվի: Այդ բոլորը հանցագործությունների շղթա է, որ սկսվել ու մինչև 3-րդ նախագահ շարունակվել է». — ասում է Սոկրատ Հովսեփյանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը