19 03 2019

Ի՞նչ ասել է «երջանիկ քաղաքացի»․ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ուղիղ



ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում գումարված նիստում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնում է Կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

Օրակարգում է նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց ծրագրում առկա «երջանիկ քաղաքացի» հասկացությունից, ինչքանո՞վ է այն իրականացվել: 

«Իմ պատկերացմամբ՝ երջանիկ քաղաքացին արժանապատիվ աշխատանքով ընտանիքիդ ու ընկերներիդ կողքին երկար ու առողջ ապրելու հնարավորությունն է: Հիմա ամեն օր լսում ենք՝ լուծարվում է այսինչ կազմակերպությունը, կրճատվում են այսինչ հաստիքները, քանդվում են սպասարկման ոլորտի օբյեկտներ, դրանով ավելանում է գործազրկությունը, պետության սոցիալական բեռը: Այս վիճակը որքանո՞վ է համահունչ երջանիկ քաղաքացի կատեգորիայի հետ»,-հարցրեց նա: 

Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց՝ երջանկության բազմաթիվ ձևակերպումներ կան, որոնցից է նաև այն, ինչ պատգամավորը նշեց: «Բավարարվածության զգացումն է ընդհանուր առմամբ այդ երջանկության զգացողությունը, և դա Դուք կապեցիք պետապարատի կրճատման կամ սպասարկման օբյեկտների ապամոնտաժումների հետ: «Երջանիկ քաղաքացի» կոնցեպտի մեջ պետք է տեղավորվի նաև արդյունավետ կառավարումը, օրինականության սկզբունքը: Եթե սպասարկման օբյեկտներն անօրինական են և անարդար, ապա պետք է ապամոնտաժվեն՝ ապահովելու մեծամասնության իրավունքները, այն, այո, կոչված է երջանիկ քաղաքացի եզրույթի իրականացման մեջ»,-նշեց նա: 

Գևորգ Պետրոսյանն արձագանքեց. «Այսինքն՝ նշանակում է՝ երջանիկ է նա, ով բավարարվա՞ծ է, կամ եթե բավարարված եք, ուրեմն երջանի՞կ եք, ինչո՞վ է բավարարված… Ես գիտեմ, որ մարդը բավարարված է արժանապատիվ աշխատանքով և օր ծերության արժանապատիվ կենսաթոշակով:

Եթե չկա աշխատավարձի բարձրացում, կենսաթոշակի բարձրացում, հետո հիմնարկների լուծարում, հիմա այս պայմաններում երջանկությունը ո՞րն է՝ եթե մեր գլխից հանենք, որ աղքատ ենք, կերջանկանա՞նք, չեմ հասկանում»: 

Արտակ Զեյնալյանն ընդգծեց՝ օպտիմալացումները ենթադրում են ծախսերի կրճատում, որն էլ պետք է բերի արդյունք ստեղծող քաղաքացիների բարեկեցության: 

Տարաձայնություններով ուղեկցվող նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ