14 03 2019

Միջնորդները պատրաստ չեն ձևաչափերի փոփոխության․ Վիկտոր Սողոմոնյան․Tert.am



Ճիշտ կլինի, որ արցախյան հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցեն Ղարաբաղն ու Ադրբեջանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: 

«Այս ձևաչափը կարտահայտի հակամարտության իրական ֆորմատը: Սա կոնֆլիկտ չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, սա տարածքային կոնֆլիկտ չէ, ինչպես փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Մինսկի խմբի հայտարարությունն այն մասին էր, որ միջնորդները պատրաստ չեն ձևաչափերի փոփոխության:

Թյուր կարծիք է, որ Ղարաբաղը մասնակցել է բանակցային գործընթացին այս ֆորմատով, նկատի ունեմ, երբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կամ իրենց ներկայացուցիչները կարգավորման վերաբերյալ բանակցություններ են վարել: Դրանց ԼՂ ներկայացուցիչները սկսած 96-97թթ.-ից չեն մասնակցել»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը: 

Ըստ նրա՝ երբ ԼՂ ներկայացուցիչները մասնակցում էին, Ադրբեջանը բերում էր ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներին, փորձում էր ստեղծել քառակողմ ֆորմատ: «Որպես այդպիսին կարգավորման քննարկում ԼՂ ներկայացուցիչների ուղիղ մասնակցությամբ բանակցային սեղանի շուրջ երբևէ չի եղել: Եղել է ոչ ուղղակի, միջնորդավորված բանակցություն: Ստեփանակերտի ներկայացուցիչները հանդիպել են Մինսկի խմբի համանախագահների հետ, Հայաստանի նախագահն էլ տեղյակ է պահել ընթացքի մասին, Ստեփանակերտի տեսակետներն էլ ներկայացրել է»,- նշել է Վ. Սողոմոնյանը:

Վերջինս նկատել է, որ կա ռեալ պոլիտիկ, որի ձևակերպումները ներկայացվին ՄԽ կողմից, նրանք ասացին, որ ձևաչափի փոփոխություն այս փուլում նախատեսված չէ, և որ իրենք անելու են ամեն ինչ, որպեսզի պատերազմ չսկսվի: «Կարծում եմ, որ հայկական կողմը ստիպված է լինելու շարունակել բանակցությունները, թեև բազմիցս հայտարարել է, որ հանդիպում են, բայց չեն բանակցում, հանդիպում են, որ որոշեն ֆորմատը:

Այս պոպուլիստական հայտարարությունների շրջանակից վարչապետը պետք է դուրս գա, նստի բանակցությունների ու ներկայացնի ԼՂ  շահերը: Կարծում եմ, որ ամեն ինչ սրանով է ավարտվելու»,- հավելել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը: Նա նշել է, որ կար երկու տարբերակ՝ կա՛մ համակերպվել իրավիճակի հետ, կա՛մ հրաժարվել պատասխանատվությունից և տուրք տալ պոպուլիզմին:

Սողոմոնյանն ասել է, որ պատասխանատվությունից հրաժարվելը կլինի քաղաքական ինքնասպանություն, և ըստ ամենայնի, որոշում կա բանակցությունները շարունակել գոյություն ունեցող ֆորմատով, ստանձնել պատասխանատվությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ