Մինսկի խմբի վերջին հայտարարության իմաստը հասկանալու համար կարեւոր է մեկ անգամ եւս այդ ֆորմատի տրամաբանությունը ֆիքսել։ Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Ֆիքսենք մի քանի սկզբունքներ
- Արցախի խնդիրն աշխարհքաղաքական կոնֆլիկտ է։
- Մինսկի խումբն Արցախի հարցով աշխարհքաղաքական ակումբ է: Հայաստանին եւ Ադրբեջանին «լուծման» առաջարկություններ անելուց առաջ, նրանք նախ միմյանց հետ են այդ առաջարկությունները համաձայնեցնում՝ ըստ իրենց աշխարհաքաղաքական շահերի։ Կարճ ասած, միմյանց հանդեպ վերահսկողություն են իրականացնում, որ որեւէ մեկն իր վրա վերմակը չքաշի։
- Ադրբեջանն իր ուժեղ կողմն է համարում Թուրքիայի աջակցությունը, այնինչ դա իրականում իրենց թույլ կողմն է։ Որ աշխարհքաղաքական բեւեռը Թուրքիայի հետ խնդիր է ունենում, կամ ցանկանում է Թուրքիային դաս տալ, դա անում է նաեւ Ադրբեջանի միջոցով։
Հայաստանի վարչապետի ճոխ ընդունելությունն Իրանում նաեւ պայմանավորված էր Սիրիայում թուրքերի ու իրանցիների միջեւ առկա հակասություններով։ Բնականաբար, կա նաեւ Իրանի ադրբեջանցիների խնդիրը, բայց դա մշտական գործոն է։
- Եթե Ադրբեջանի «թուրքական խաղաքարտը» չլիներ, չի բացառվում, որ Ռուսաստանի, ԱՄՆ,Եվրոպայի դիրքորոշումները լինեին ի նպաստ Ադրբեջանի։
- Ռուսաստանի պահով կա նաեւ ԵՏՄ-ում թյուրքական պետությունների գործոնը, որոնք առանձին՝ թյուրքական երկրների համադաշնության տեսքով Թուրքիայի հետ առանձին, ինքնուրույն քաղաքական ֆորմատով են հարաբերվում, ինչը Ռուսաստանին մտահոգում է՝ սա նույնպես Ադրբեջանի ոչ թե ուժեղ, այլ թույլ գործոններից է։
- Ադբեջանի հիմնական խնդիրը ոչ թե Արցախն է, այլ Թուրքիայի հետ ցամաքային սահման ունենալն է, սա նույնպես կարեւոր է նկատի ունենալ, հասկանալու համար, թե որն է Ադրբեջանի ստրատեգիական նպատակը Արցախի բանակցությունների ժամանակ։
Սրանք մշտական գործոններն են, մնացածն ըստ իրավիճակի պետք է դիտարկվի»,- գրել է քաղաքագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը