01 03 2019

Երկակի ստանդարտներ․ գիտակցում են, երբ հարցն իրենց է առնչվում

Երկակի ստանդարտներ․ գիտակցում են, երբ հարցն իրենց է առնչվում

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կոչ է անում ԱԱԾ-ին ՊՎԾ պաշտոնայների նկատմամբ հարուցված քրեական գործով պահպանել նախաքննական գաղտնիքը, որպեսզի մուտիլովկաներում հայտնի դեմքերի ձեռքում չհայտնվի նման ինֆորմացիան:

Իհարկե, նախաքննությունը պետք է իրականացվի անմեղության կանխավարկածի պահպանմամբ, և այդ հարցը արդեն տևական ժամանակ է բարձրաձայնվում է մեր կողմից: Բայց զարմանալի է այս երկակի մոտեցումը:

Եթե քրեական գործը հարուցված է նոր պաշտոնյաների հանդեպ, ուրեմն սկզբունքը կարևոր է, ուրեմն սկզբունքը պետք է պահպանվի, իսկ եթե գործով անցնողները նախկին պաշտոնյաներ են կամ սովորական քաղաքացիներ, ապա թեման պետք է այնքան մանիպուլացնել, որ բոլոր տներում, հիմնարկներում, խանութներում ու տաքսիներում քննարկման առարկա դառնա: Ուրեմն ստացվում է , որ այլոց նկատմամբ կարելի է նախապես եթերներից չդադարող անհիմն վարկածներ ասել, հետո ժամանակի ընթացքում չգտնել որևէ ապացույց ու կամաց-կամաց մոռացության տալ։

Բա նախաքննության գաղտնիության ու անմեղության կանխավարկածի մասին ինչո՞ւ չեք հիշում, երբ խրոխտ հայտարարվում է չարաշահումների համար մեղադրվող պահակի, էլեկտրիկի, բժիշկի, ուսուցչի կամ դպրոցի տնօրենի մասին, թե այդ մարդիկ գաղտնիության իրավունք չունեն:

Կամ նախաքննական գաղտնիքը պահելու ու մուտիլովկաների համար չէի՞ք անհանգստանում, երբ մի կնոջ ցուցմունքի հիման վրա գործ է հարուցվում բազմաթիվ մարդկանց նկատմամբ, թե Արմեն Գևորգյանը «քայլած» չէ և անմեղության կանխավարկածի իրավունք չունի՞: Չե՞ք հիշում, թե ամիսներ առաջ Հ1-ը ինչպես էր մի ամբողջ օր «սենսացիոն բացահայտում մարտի 1-ի գործով» լուրը անոնս անում ու օրվա վերջում եթերում հայտնվեց ՀՔԾ պետ-ը և պարզվեց, որ ընդամենը խոսք է գնում Վիկիլիքսի մի լուրի մասին, որում իսկ հիշատակվող անձը հրապարակավ հերքել է այն:

Անմեղության կանխավարկածի խախտումով չէ՞ Հովիկ Աբրահամյանի չապացուցված «զենքերի» գործը, երբ բոլոր եթերներից գոռում էին, թե մարտի 1-ի զենքերն են, իսկ ամիսներ անց ի միջի այլոց հերքվեց։ Մանվելի Գրիգորյանի ձերբակալության օրերին չե՞ք հիշում, թե ինչեր էր ասվում։Հիմա ԱԱԾ բացահայտած գործով ՊՎԾ-ի չարաշահումը ավելի մե՞ծ է, քան Մանվելի ողջ տուշոնկաներն ու մնացածը։ Բոլորն ունեն իրավունքների հարգանքի և պաշտպանության իրավունք։

Իսկ այն հայտարարությունները, որոնք արվում էին Ռ. Քոչարյանի և նրա ընտանիքի վերաբերյալ, առանց անմեղության կանխավարկածը պահպանելու, հետապնդում էին մեկ նպատակ, չէ՞. ձևավորել հանրային կարծիք։

Իսկ հետո՞... իսկ հետո գալու է դատավարությունների, ապացույցների ու փաստերի փուլը։ Այն ժամանակ ի՞նչ եք ասելու։

Նույն Դավիթ Սանասարյանը, երբ ազդարարում էր ԵՊՀ իր ստուգումները, այն ժամանակ դա կարելի՞ էր, թե կարելի՞ է մանկական խանդավառությամբ ամեն ստուգումից հետո սրան կամ նրան հանցագործ անվանել՝ առանց անմեղության կանխավարկածի ու նախաքննական գաղտնիքի մասին հիշելու։ Եվ վերջում անպայման հավելելով՝ « սիրում եմ բոլորիդ...»։

Սիրել պետք չէ, հարգել է պետք, և պետք է լավ իմանալ քեզ վստահված գործը։

Եթե դրվում է մի խաղի կանոն, այն միայն մի կարճ փուլ է լինում կառավարելի, իսկ հետո դառնում է համընդհանուր։ Հիմա Դ. Սանասարյանը ստանում է իրենց իսկ դրած խաղի կանոնների պտուղները։

Եվ մնում է աջակցություն հայտնել ԱԱԾ-ին, որ մինչև վերջ բացահայտի հեղափոխության հակակոռուպցիոն բնօրրանի կոռուպցիոն ողջ սխեման։

Որևէ գործով չպետք է թույլատրվի իրավունքի խախտում, լինի դա հին, թե նոր պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ափսոս, որ դա գիտակցում են այն ժամանակ, երբ հարցն անմիջապես իրենց հետ է առնչվում:

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ