ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախատեսված ժամանակից շուտ հեռացել են գագաթաժողովի վայրից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը. սակայն վաղաժամ հեռանալու որևէ պատճառ չի նշվում։
Պաշտոնական ժամանակացույցի համաձայն, որը նախապես հրապարակել էր Սպիտակ տունը, Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը ընդլայնված կազմով բանակցություններից հետո պետք է հանդիպեին աշխատանքային ճաշի շուրջ, իսկ հետո մասնակցեին փաստաթղթերի համատեղ ստորագրմանը։ Դրանից հետո Թրամփը պետք է մամուլի ասուլիս հրավիրեր իր հյուրանոցում։
Лента.ру-ն էլ հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը չկարողացան գալ համաձայնության. «Համաձայնության չեն եկել, սակայն կողմերը պատրաստվում են հանդիպել ապագայում»,- ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
Հարցին, թե ինչու ամերիկյան պատվիրակությունը հեռացավ բանակցությունների վայրից, Թրամփը պատասխանել է. «Պատճառը պատժամիջոցներն էին: Նրանք համաձայն էին ապամիջուկայնացմանն այն պայմանով, որ ամբողջովին չեղարկվեին իրենց երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ մենք դեմ ենք դրան, հետևաբար՝ մեր պատվիրակությունը ստիպված էր հեռանալ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը