Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
Գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը:
Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել են դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը:
Նախարար Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ հանդիպումների, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները:
Զրուցակիցները փոխանակել են տեսակետներ ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը