25 02 2019

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը փաստաբանություն անում Փաշինյանի համար. 7or.am

Ինչո՞ւ է Տեր-Պետրոսյանը փաստաբանություն անում Փաշինյանի համար. 7or.am

7or.am-ը գրել է. «Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ հիմա Հայաստանում իշխում է լևոնանիկոլական ռեժիմը։ Այդ ռեժիմը ձևով նիկոլական, իսկ բովանդակությամբ լևոնական է։ Նոր իշխանության գաղափարական վակուումը պետք է լցվեր ու լցվել է ամենամոտ տիրույթից։

Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը ֆորմալ գործընկերներ չեն, բայց գտնվում են քաղաքական դաշտի նույն հատվածում և բնական դաշնակիցներ են՝ միմյանց նկատմամբ անձնական հակակրանք ունենալով հանդերձ։

Լևոնանիկոլական ռեժիմին ֆորմալ տեսք տալուն կողմ կլիներ ու կփափագեր Տեր-Պետրոսյանը, բայց դեմ՝ Փաշինյանը։ Վերջինս ինքնահաստատվելու բարդույթներ ու ֆյուրերիկական հակումներ ունի, և հենց դա է նրան զերծ պահում ՀԱԿ-ի հետ «ԶԱԳՍ»-ով քաղաքական ամուսնություն կնքելուն։

Նիկոլ Փաշինյանն ինքնաբավ և ինքնուրույն դառնալու անչափ մեծ ցանկություն ունի, ինչը հասկանալի է նրա խառնվածքն ու հոգաբանական կերպը հաշվի առնելով։ Նրան նյարդայնացնում են խոսակցություններն այն մասին, որ ինքը ՀՀ 1-ին նախագահի աշակերտն է։

Նիկոլին այդ խոսակցությունները նյարդայնացնում են, իսկ Տեր-Պետրոսյանին՝ վախեցնում, քանզի նա հասկանում է, որ ինքնահաստատման լուրջ խնդիրներ ունեցող Փաշինյանը կարող է քայլեր ձեռնարկել՝ ապացուցելու համար, որ ՀԱԿ առաջնորդի քաղաքական կցորդը չէ՝ այդտեղից բխող բոլոր սարսափելի հետևանքներով։ Հենց այդ վախն ու սարսափն էլ ստիպել են Տեր-Պետրոսյանին Փաշինյանի համար քաղաքական փաստաբանություն անել ու նաև քծնել։

Թեև Տեր-Պետրոսյանը նշել է, թե ինքը հրապարակային խոսքով հանդես է գալիս ոչ թե ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Տեր-Պետրոսյանը չափազանց էգոիստ է, որպեսզի մեկ ուրիշի դարդով տապակվի։ Նա իրականում փորձել է հերքել իր ու Փաշինյանի կապը՝ ելնելով բացառապես ինքնապաշտպանվելու խնդիրներից։

Փաշինյանի վրա նա ներքուստ թքած ունի, բայց հանգամանքների բերումով նրանք հիմա նրանք նույն նավակի մեջ են։

Նույն նավակի մեջ գտնվելով հանդերձ՝ Տեր-Պետրոսյանը մտավախություն ունի, որ Նիկոլն ինքնահաստատվելու, քաղաքական գործընթացների անկանխատեսելի զարգացումներին տրվելու և ՀԱԿ առաջնորդից տարանջատվելու նպատակով կարող է գնալ ինչ-ինչ քայլերի (օրինակ՝ ստիպված լինի քննել 1996թ. նախագահական ընտրությունների կեղծիքները և դրան հաջորդած ապօրինությունները)։ Հենց այդ մտավախությունն էլ ստիպել է Տեր-Պետրոսյանին ինքնապաշտպանվել։

«Թավշյա հեղափոխությամբ» միացածները

Լևոն Տեր-Պետրոսյանն անկեղծորեն ատում ու զզվում է Նիկոլ Փաշինյանից. դա հոգեբանության ոլորտից է։

Նա նախորդ տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը սկզբում չողջունեց ու «տակից» նույնիսկ աշխատում էր Փաշինյանի դեմ, սակայն հետագայում «բնությունն» արեց իրենը (1-ին նախագահին չէր կարող հանգիստ տալ այն միտքը, որ իր երբեմնի դիջեյը դառնում է երկրի ղեկավար, բայց փաստի հետ ստիպված էր հաշվի նստել)։

«Իքս» պահից սկսած՝ ՀԱԿ-ն իր ղեկավարի գլխավորությամբ սկսեց բացահայտորեն պաշտպանել ու նաև քծնել Նիկոլ Փաշինյանին։ Պատճառը պարզ է՝ ջրի վրա մնալու ցանկությունը։

Հիմա Տեր-Պետրոսյանը և Փաշինյանը միևնույն նավակի մեջ են՝ ուզեն թե չուզեն, հասկանան թե չհասկանան, ընդունեն թե չընդունեն դա։

Նրանց միավորում է «մարտի 1»-ը։ Կարող է միավորել նաև Արցախի հարցում քիրվայականմոտեցումը։ Եվ ամենակարևորը՝ նրանց միավորում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ունեցած ատելությունն ու վախը միաժամանակ։ Սրանք հզոր մոտիվացիաներ են ուսուցչի և աշակերտի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ