20 02 2019

Ո՞վ է Սիլվա Համբարձումյանի «տանիքը» կամ ամենազոր գործընկերը․ «Հետք»

Ո՞վ է Սիլվա Համբարձումյանի «տանիքը» կամ ամենազոր գործընկերը․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով անցնող Արաքս Դիլանյանը նորից բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանին: Նամակը նույնությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Բաց նամակ

ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Դավթյանին, ՀՀ ՀՔԾ պետ պարոն Ս. Խաչատրյանին ուղղված իմ բաց նամակին որևէ արձագանք չեղավ:

Այդ խուլ լռությամբ հաստատվեց նաև թիվ 62224715 քրեական գործով՝ «կաշառքի գործով», անորոշ ժամկետով պատանդի կարգավիճակ ունենալու հանգամանքը:

Խախտված են իմ սահմանադրական իրավունքները, և ես ստիպված եմ դիմել ՄԻԵԴ: Սակայն, իմ իրավունքների խախտման փաստի արձանագրումն ու անգամ վնասների փոխհատուցումը ոչինչ են՝ իմ առողջականի, իմ ու իմ ընտանիքի հոգեկան ապրումների, իմ գործարար համբավի ու իրական վնասների դիմաց:

Խորհրդակցելով իմ պաշտպանների հետ` ես հասկացա, որ նախ` իմ դեմ տեղի ունեցող ապօրինությունների բողոքարկումները պետք է շարունակել, ապա նաև, ըստ էության, չբացահայտված, լճացած «կաշառքի գործով» նախաքննությանը խթանել, այն հաշվով, որ օր առաջ պարզվեն գործի իրական փաստական հանգամանքները և գործով անցնող անձանց (նաև՝ իմ) գործողություններին իրական իրավական գնահատական տրվի:

Սակայն, գործի քննությանն իմ օժանդակությունն այսուհետ կլինի լրատվական կայքերով գործի իրական փաստական հանգամանքները բացահայտելու միջոցով, որպեսզի քննության նկատմամբ հանրային հսկողություն լինի, և Սիլվա Համբարձումյանի՝ մասամբ կիսատ, մասամբ իրականությանը չհամապատասխանող ելույթների հիման վրա գոյացած ճահիճն ու դրա գարշահոտը վերանա, ապա նաև՝ տեսնենք, թե իրականում այս գործը «կաշառքի վերաբերյալ» գործ պետք է քննվե՞ր, թե՝ «կեղծ ձեռնարկատիրության», «խարդախության», «կանխամտածված սնանկության», «փողերի լվացման», ի վերջո՝ «սուտ մատնության» գործ, որի արդյունքում միայն կպարզվի, թե ովքեր պետք է լինեն մեղադրյալ:

Ես կորցնելու ոչինչ չունեմ՝ ինձ առաջադրված մեղադրանքը փուչ է, այդպիսով լոկ նպատակ են հետապնդում ինձ պատանդ պահել, որպեսզի Արամ Հարությունյանը ներկայանա քննությանը: Անհեթեթություն է, քանի որ պարոն Արամն իմ պատանդ լինելու փաստով չէ, որ պետք է ներկայանա քննությանը, կարծում եմ, որ նա ավելի լուրջ պատճառներ ունի ներկայանալու համար և, թերևս, առավել լուրջ պատճառներ ունի չներկայանալու համար` հաշվի առնելով նախաքննության մարմնի մոտեցումն այս գործին:

Ինչևէ, դա իր խնդիրն է, բայց արդեն պարզ եւ ակնհայտ է, որ ինձ ապօրինի են պահում Հայաստանում, և իմ անձի պատճառով նա չի ներկայանա:

2015թ. սեպտեմբերի 11-ին հարուցված այս քրեական գործով ի սկզբանե միակ մեղադրյալը (փաստացի՝ տուժողը) ես եմ հանդիսացել` իբր որպես կաշառք ստանալուն օժանդակող: 17 ամիս իրականացված քննության արդյունքում կաշառք ստանալու փաստը չհաստատվեց, կաշառք ստանալու փաստով մեղադրյալ չկար, բայց կաշառք ստանալուն օժանդակողն, ի դեմ ինձ, հայտնի էր: Ինձ մեղադրանք է առաջադրվում, խափանման միջոց է ընտրվում՝ կալանավորումը, հետախուզում է հայտարարվում…

Բարեբախտաբար, ՀԿԳ ավագ քննիչի 06.02.2017թ. որոշմամբ գործի վարույթը կարճվում է: Այդ որոշմամբ արձանագրված է, որ «Ս. Համբարձումյանը ողջ նախաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ ունեցած պայմանավորվածության, կաշառքի դիմաց ձեռք բերված ուսումնասիրության հատուկ լիցենզիաների քանակի, դրանք ձեռք բերելու հերթականության, կոնկրետ ընկերությանը պատկանելու աճուրդների մասնակցության և այլ հանգամանքների վերաբերյալ», «…ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ արժողությամբ հանքերևակման լիցենզիաների համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար ծախսելը անտրամաբանական է»:

Այդ նույն որոշմամբ անդրադարձ է կատարվել նաև Սիլվա Համբարձումյանի կողմից «սուտ մատնության» հարցին և որոշվել է՝ նրա նկատմամբ «սուտ մատնության» փաստով քրեական հետապնդում չիրականացնել, քանի որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, որ Ս. Համբարձումյանի հայտնած տեղեկությունները ակնհայտ կեղծ են եղել, և որ նրա գործողություններն ուղղված են եղել իրավապահ մարմինների նորմալ գործունեության խաթարմանը, և նա նպատակ է ունեցել կեղծ տեղեկություններ ներկայացնելով՝ հասնել անմեղ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Քրեական գործով վարույթը կարճելու մասին քննիչի 06.02.2017թ. որոշումը շուրջ 16 ամիս անց վերացվեց ՀՀ գլխավոր դատախազի 07.06.2018թ. որոշմամբ, որի դեմ իմ բողոքը դեռևս քննվում է դատարանում: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի՝ 07.06.2018թ. որոշմամբ վերացվել է նաև՝ 06.02.2017թ. որոշմամբՍ.Համբարձումյանի նկատմամբ «սուտ մատնության» փաստով քրեական հետապնդում չիրականացնելու մասը:  Հենց այդ լույսի ներքո էլ կներկայացնեմ փաստեր և խնդրում եմ այդ ուղղությամբ քննություն իրականացնել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հետք»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ