14 02 2019

Նիկոլ Փաշինյանի ճակատին գրված է «ստախոս». Պարույր Հայրիկյան

Նիկոլ Փաշինյանի ճակատին գրված է «ստախոս». Պարույր Հայրիկյան

Կառավարության ծրագրին հավատալու ոչ մի հիմք չկա, պատճառը նախորդում տրված խոստումների չկատարելն է: Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը. «Այսօրվա հեղափոխականների կառավարությունը ստախոսների կառավարություն է։ Նրանք ամենակարևոր հարցերում ստախոս են, ինչ էլ որ գրեն կառավարության ծրագրում, միևնույն է ստելու են։ Նախորդում խոստումներ էին տվել, որ Ընտրական օրենսգիրքը վատն է, պետք է փոփոխվի, դա չկատարվեց քմահաճույքով։ Հիմա ինչը պիտի ինձ ստիպի, որ ստախոսի այսօրվա արած հայտարարություններին հավատամ, երբ իր ճակատին գրված է սը-տա-խոս»:

Հայրիկյանը զղջում է, որ ինքն առաջինն էր, որ կոչ արեց քաղաքացիներին միանալ շարժմանը. «Ես ներողություն եմ խնդրում իմ հայրենակիցներից, ովքեր, որ հավատալով իմ խոսքին, միացան այս շարժմանը, բայց մեր կոչը այն ժամանակ ստախոսի մասին չէր, այն ժամանակ մենք տեսնում էինք իշխանությունը քաղաքացիներին փոխանցելու պատրաստ ուղի։ Առաջինը մենք ենք կոչ արել միանալ, հիմա էլ բոլորին նախազգուշացնում եմ՝ գործ ունեք մեր պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ»։

Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության խնդրի վերաբերյալ կառավարության որդեգրած քաղաքականությունն անընդունելի է: Կառավարության ղեկավարի այն հայտարարությունը, թե Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, նույնպես չի կատարվել։ Նոր կառավարությունը շարունակում է վարել Սերժ Սարգսյանի որդեգրած  արտաքին քաղաքականությունը. «Այս հարցում նույնպես այս ստախոսները հետևողական չեն, սրանց համար սեփական խոսքի նկատմամբ պատասխանատվությունը բացակայում է»։

Հայրիկյանի խոսքով, Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր ԵԱՏՄ մտնելու մեջ և պահանջում էր դուրս գալ, սակայն հիմա ինքը եկել է ու դա չի անում. «Հեղափոխական նշանակում է իրավիճակ փոխող, իսկ այս իշխանությունները հարմարվում են ուրիշի փոփոխած իրավիճակին: Այս տեսակի մարդիկ առավել վտանգավոր են: Հայ ժողովրդին այսպիսի ղեկավարներ պետք չեն»:

Ինչ վերաբերում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծվածին, Հայրիկյանը շեշտեց, որ այսօր ակնհայտ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։

«Մարդու իրավունքների նկատմամբ կա քամահրական վերաբերմունք։ Մարդու նախնական կալանքի հարցը արդարացված է միայն այն դեպքում, երբ ինքը սպառում է նախաքննությանը և չի ուզում գրավ տալ: Այսօր արդարադատությունը իրականացնելիս տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում։ Ռոբերտ Քոչարյանը պարտադիր չէ, որ լիներ կալանավայրում։  Գործի քննությամբ չեն զբաղվում, այլ զբաղված են հանրային կրքերը բավարարելու հիվանդագին մոլուցքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ