07 02 2019

Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս․ վարչապետ

Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս․ վարչապետ

Հայաստանի Հանրապետության նոր վարչապետ, Թավշյա հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հեղափոխել իր երկրի տնտեսությունը` պահպանելով հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին գրում է շվեյցարական RTS ռադիոկայանը, որի լրագրողը Նիկոլ Փաշինյանին հանդիպել է Դավոսի տնտեսական համաժողովում:

«Նիկոլ Փաշինյանը իր նոր` վարչապետի պաշտոնին պատշաճող կոստյումով, մեծ պատվիրակության ուղեկցությամբ, շրջում է Համաշխարհային տնտեսական համաժողովի միջանցքներով: Մի քանի ամիս առաջ այդ նույն մարդը` նախկին լրագրող` զինվորական համազգեստով, գլխարկով և ուսապարկով, ճառով էր դիմում ամբոխին Հայաստանի մայրաքաղաք Երևանում:

Իր խաղաղ բնույթի համար «Թավշյա հեղափոխություն» անունը ստացած ժողովրդական շարժումը, նրան հասցրեց վարչապետի կարգավիճակի:

Ընդդիմության առաջնորդից` կառավարության ղեկավար, Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է RTS-ին, որ ինքը մնացել է նույն մարդը: «Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանի խոսքն է մեջբերել RTS-ը: 

Հոդվածում, մասնավորապես, նշված է. 

«Քաղաքական հեղափոխությունից տնտեսական հեղափոխություն» 

Նրա առաքելությունը, ինչպես ինքն է անվանում, ի սկզբանե եղել է «Հայաստանը կոռումպացված համակարգից ազատելը»: Այդ նշաձողին հասնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իր երկրի համար պատկերացնում է «տնտեսական հեղափոխություն»:

Ահա հունվարի վերջին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին նրա ներկայության հիմնավորումը, ինչպես նաև Շվեյցարիայում, որտեղ նա հանդիպեց շվեյցարացի և սփյուռքահայ գործարարների հետ։

Բայց ամեն ինչ միայն կառավարությունից չէ կախված, նախազգուշացնում է վարչապետը: Ինչպես և քաղաքական հեղափոխության դեպքում, Նիկոլ Փաշինյանը հույս է դնում իր ժողովրդի մասնակցության վրա: «Քաղաքացիները գիտեն, որ խաղալու հստակ դեր ունեն: Միակ տարբերությունն այժմ այն է, որ կարիք կա ներդրումներ ներգրավելու»: 

Հավասարակշռություն Ռուսաստանի և Եվրոպայի միջև 

Բայց նախկին խորհրդային Հայաստանի համար` տեղակայված Արևելքի ու Արևմուտքի միջև, ինչպե՞ս զարգացնել քաղաքական և տնտեսական կապերը Եվրոպայի հետ` առանց վիրավորելու կարևոր դաշնակից Ռուսաստանին: Թվում է հավասարակշռության հարց է:

«Մենք անդամ ենք Եվրասիական տնտեսական միության, որ շատ կարևոր շուկա է մեր երկրի համար: Սակայն Հայաստանն ունի համաձայնագրեր նաև ԵՄ-ի հետ, և դա անհամատեղելի չէ:

Մեր կապերը Ռուսաստանի հետ կարևոր են տնտեսական և անվտանգության տեսանկյունից, բայց մեր հարաբերությունը ԵՄ-ի հետ մեզ հնարավորություն է տալիս բարեփոխել մեր քաղաքական, իրավական համակարգը և զարգացնել մեր հասարակությունը, այն դարձնել ավելի մրցունակ»:

Այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետը պետք է զգույշ լինի` չխաթարելու հավասարակշռությունը: Օրինակ` հարց չկա ՆԱՏՕ-ին միանալու:

«Մենք չենք նախատեսում միանալ այդ կազմակերպությանը: Մենք արդեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, մասնավորապես խաղաղապահ առաքելությունների համար Կոսովոյում, Աֆղանստանում, շուտով` Լիբանանում: Այս համագործակցությունները կշարունակվեն և ավելի կզարգանան, որովհետև մենք գիտենք խաղաղության իսկական արժեքը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ