«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն պարգևավճարների տրամադրման վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հետևելով լայն հանրության և մասնագիտական համայնքի շրջանում արծարծվող հանրային ծառայողներին դրամադրվող պարգևավճարների մասին արձագանքներին՝ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է հետևյալը.
«Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի ամրագրումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, 6-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, ինչպես նաև առաջնորդվելով ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով՝ որով սահմանված է պատասխանատվություն պաշտոնեական լիազորություններն անցնելու համար՝ տեղեկացնում է որ՝
1. Պարգևավճարների տրամադրումն իրականացվում է պաշտոնի նշանակման իրավասություն կամ օրենքներով նման իրավասություն ունեցող անձի կողմից, ինչը նշանակում է, որ պաշտոնատար անձն ինքն իրեն չի կարող պարգևատրել՝ գնահատելով սեփական աշխատանքների ծավալը և որակը, եթե դա սահմանված չէ օրենքով:
Բացի այս, դա նաև հակասում է պաշտոնատար անձանց բարեվարքության և էթիկայի սկզբունքներին, եթե այդպիսիք գործում են այդ կառույցներում: Դրանց խախտումները ենթադրում են առնվազն կարգապահական պատասխանատվություն:
2. Քաղաքացիական հասարակությունը և զանգվածային լրատվամիջոցները պետք է հետևողական լինեն այս հարցում՝ պահանջելով պետական համապատասխան մարմիններից մասնագիտական գնահատական (պաշտոնատար անձանց արարքների որակում)»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը