Առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցով ընթացող բանակցություններում ինչ-որ գաղտնիքներ կան, իրականում ամեն ինչ բավականին թափանցիկ է և թափանցիկությունն ապահովում է ադրբեջանական կողմը: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Ալիևը և իրենց արտգործնախարարն իրենց դիրքորոշումը պաշտոնական հայտարարությունների միջոցով հստակ նշում են: Այդ հայտարարություններով տեղեկացնում են միջազգային հանրությանն ու Հայաստանի կառավարությանն իրենց պաշտոնական դիրքորոշման մասին: Դրանք են.
- Արցախը կարող է ստանալ բարձր կարգավիճակ միայն Ադրբեջանի կազմում,
- Հայաստանը կոնունիկացիոն շրջափակումից դուրս կբերեն, ըստ երևույթին նկատի ունեն Բաքու-Կարս երկաթուղուց օգտվելը, միաժամանակ Թուրքիայի հետ սահմանի բացումը, իսկ հետագայում թուրքական նավահանգիստներից օգտվելը,
- ըստ երևույթին, տարածքները զիջելու դիմաց նաև որոշակի ֆինանսական կոնպենսացիա կտրամադրեն :
Սա է Ադրբեջանի պայմանները, նաև` ադրբեջանցիների վերադարձն Արցախ:
Ադրբեջանը բաց խաղաքարտերով է խաղում և հրապարակայնորեն ու հստակ նշում է բանակցությունների իր օրակարգը:
Հայաստանի պահով ունենք Մնացականյանի հայտարարությունն Արցախի բնակչության անվտանգության մասին, այսինքն անկախության նախապայմանն իջեցվում անվտանգության աստիճանի, նաև Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ Արցախի բնակչությունն է որոշելու իր ճակատագիրը, այսինքն Արցախի ինքնորոշման հանրաքվեն արդեն հաշվի չի առնվում և ակնկալվում է նախկինից տարբերվող նոր որոշում: Մյուս կողմից, հետագայում, Ադրբեջանի հետ բանակցություններում, իր համար խուսանավելու հնարավորություն է փորձում ստեղծել:
Նաև ունենք Լավրովի խոսքերը, որ Հայաստանը պետք է լուրջ վերաբերվի Ադրբեջանի առաջարկներին:
Ունենք նաև ԱՄՆ նախկին դեսպանի վերջին խոսքը, որ տարածքները պետք է զիջվեն, ինչպես նաև Բոլթոնի հարցը Փաշինյանին, թե որն է նրա հաջողության գաղտնիքը, որին վերջինս չի պատասխանել:
Այս պահին սա է մեր ունեցած տեղեկությունները, մնացած հարցերին պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխանի ոչ թե լայվերի, այլ մամլո ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները հնարավորություն կունենան իրեն հարցաքննել», - գրել է Դանիելյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը