28 01 2019

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է. Վիտալի Բալասնյան

Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է. Վիտալի Բալասնյան

Արցախի հարցը լուծվելու է համայն հայության և մեր ժողովրդի ուժերով: Այս մասին հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Որևէ մեկն իրավունք չունի, կապ չունի՝ ով է դա ասողը կամ բանակցողը, Արցախի Հանրապետության պետականության, ամրագրված սահմանադրության և մնացած օրենքներով, բանակցել, խոսել», - ասաց Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե Դավոսում ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Այսօր բանավոր են գնում բանակցություններ, եւ նրանք, որոնք այսօր ասում են, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, ես համոզված եմ, հորդորում եմ, առաջարկում եմ, որ համապատասխան ինստիտուտները, համապատասխան երկրի ղեկավարները նախ պետք է տարածաշրջանում կնքեն խաղաղության պայմանագիր: Եթե մենք չունենք խաղաղության պայմանագիր, չունենք այն փաստաթուղթը, որը կճանաչի միջազգային հանրությունը, ինչի՞ մասին է խոսքը, երբ ասում են՝ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության:

Նրա խոսքով, գրավոր փաստաթուղթ է պետք, որ Հայաստանում, Արցախում, Ադրբեջանում ապրող ժողովուրդը, Ռուսաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները իմանան, թե ինչի մասին է խոսքը:

Նա վստահություն հայտնեց, որ բանավոր խոսակցությունները բերելու են ամենավատ վիճակին. «Քաղաքականության մեջ բանավոր հարցեր չեն լուծում»:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար, 2008-ին գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքին` նա ասաց, որ Սահմանադրական կարգի տապալման հոդվածը ծիծաղելի է:

 

«Սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղել է, այսինքն ո՞նց եք պատկերացնում, որ էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը նորից մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է, իշխանության եղած մարդը ինչի՞ է սահմանդրական կարգը տապալում: Չեմ հասկանում էդ հոդվածը, 0038 հրամանում այդպիսի բան չկա: Ժամանակը կգա, բոլորդ կտեսնեք, կասեք՝ ամոթ ա մեզ, էս ինչի՞ պոչից ենք բռնել: 0038 հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որին ցանկացած երկրում կգնան, զորքը չի մասնակցել ներքաղաքական գործընթացներին, դուք տեսե՞լ եք, որ զորքը էն ժամանակ կրակի»:

Վիտալի Բալասանյանն ասաց, որ «Չերյոմուխա 7» բանակը չունի, դա ներքին զորքերին է:

Վիտալի Բալասանյանը անդրադրաձավ նաև ՀՔԾ պետի հայտնի հայտարարությանը, թե ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը սպանվել է, որպեսզի արտակարգ դրություն մտցնելու հիմք լինի:

«Ամոթ է ճիշտն ասած, չի կարելի նման բան ասել, վերջին ժամանակներս մենք տեսնում ենք զոհվածների ծնողներին, երբ տարբեր քաղաքական դիվիդենտներ շահելու համար էդ ընտանիքներին գցում են այդպիսի ծանր վիճակի մեջ: Նրանք, ովքեր արտահայտում են նման բաներ, կարճ ժամանակ հետո շատ փիս վիճակի մեջ են ընկնելու»,-ընդգծեց նա:

Վիտալի Բալասնայանը նշեց, որ եթե մեղքն ապացուցող վճիռ չկա, մարդկանց չեն կարող ասել, որ հատուկ կրակել են արտակարգ դրություն մտցնելու համար:

Անդրադառնալով հարցին՝ այսինքն իր կարծիքով Ռոբերտ Քոչարյանը անհի՞մն է կալանավորվել, Վիտալի Բալասանյանն ասաց.

«Սպասենք, դատարանը կորոշի, չի կարելի օդից մարդկանց վրա մեղք գցել, թե սրան սպանել են, որ արտակագ դրություն մտցնեն, էս ինչը քանդել են՝ էս ինչի համար»,-նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ