NEWS.am-ի զրուցակիցը Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է:
-Ես չեմ հիշում, որ Դուք երբևէ մեկնաբանեիք Հայաստանի ներքաղաքական իրադարձությունները: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Երկար տարիներ լինելով Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան և զբաղվելով արտաքին քաղաքականության հարցերով, ես ինձ երբեք թույլ չեմ տվել հրապարակայնորեն արտահայտվել Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների մասին, գտնելով որ ԼՂՀ նախկին նախագահի իմ կարգավիճակն այլ բան չի էլ ենթադրում: Ի դեպ, այդ իսկ պատճառով ես նախապես հայտարարել եմ, որ մտադիր չեմ Հայաստանում զբաղեցնել որևէ առանցքային պաշտոն: Իսկ ՀՀ դեսպանի պաշտոնին համաձայնել եմ միայն այն պատճառով, որովհետև այն ինձ հնարավորություն է տվել անմիջականորեն զբաղվել ղարաբաղյան հիմնահարցով՝ իմ ողջ կյանքի գործով:
Ես չեմ փոխել քաղաքացիությունս, երբեք չեմ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին, ընտրական պրոցեսներին: Մինչև որդուս Երևանում համալսարան ընդուվելն ընտանիքս շարունակում էր ապրել Ստեփանակերտում: Փաստորեն ամեն ամիս ես գալիս էի Արցախ, երբեմն նաև ավելի հաճախ, որտեղ մենք ԼՂՀ նախագահի հետ քննարկում էինք ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման բոլոր դրսևորումները: Ես գիտակցաբար խուսափել եմ հրապարակայնությունից, որովհետև իմ գործունեության իմաստն ու բովանդակությունը շատ ավելի կարևոր էին: Հնարավոր է, որ երբևէ այդ մասին կգրեմ իմ հուշագրություններում: Բնականաբար, ոչ միայն այդ մասին:
-Հասկանում եմ, որ Դուք չեք ցանկանում հրապարակային գնահատականներ տալ Հայաստանի ներքաղաքական իրողություններին երեկ և այսօր: Բայց և այնպես, այն, ինչ կատարվում է ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան շուրջ, վերաբերվում է ոչ միայն Հայաստանին: Ին՞չ եք մտածում այդ մասին:
- Ես չեմ կարող և չեմ ուզում իրավական գնահատականներ տալ Քոչարյանի, այսպես կոչված, գործին: Մեղավոր է մարդը, թե ոչ՝ որոշում է դատարանը: Ատելությունը, թշնամանքը, անհանդուրժողականությունը անհամատեղելի են արդարադատության հետ: Հուսով եմ, որ դատարանը կվերանայի Քոչարյանի խափանման միջոցը և կապահովվի իրավական տեսակետից անաչառ դատավարություն:Դա չափազանց կարևոր է նաև երկրի հեղինակության համար:
Ինձ շատ է անհանգստացնում նաև այն հանգամանքը, որ գտնվում են մարդիկ, որոնք փորձում են սևացնել Քոչարյանի ողջ կյանքի ուղին՝ ներառելով նրա գործունեության ղարաբաղյան փուլը: Մարդ, ով իր վրա է վերցրել երկրի ճակատագրի պատասխանատվությունը Արցախի համար ամենադժվարին ժամանակաշրջանում, ենթարկվում է ամենալկտի հարձակումների: Կարելի է սիրել կամ ատել, քննադատել և մեղադրել, բայց չի կարելի ժխտել ակնհայտ ծառայությունները:
-Դուք պատրաստվու՞մ եք շարունակել քաղաքական գործունեությունը:
-Ես վաղուց չեմ զբաղվում քաղաքականությամբ: Մի առիթով արդեն ասել եմ, որ իմ քաղաքական առաքելությունը համարում եմ ավարտված: Ճիշտ է, կա մի բայց. Ղարաբաղի հարցը: Դա ավելին է, քան քաղաքականությունը և պայմանավորված չէ այս կամ այն քաղաքական կամ դիվանագիտական պաշտոնի հետ: Չեմ կարծում, որ Հայաստանի և Արցախի այսօրվա կամ վաղվա նախագահներն ավելի շատ իրավունք ունեն պնդելու իրենց տեսակետները ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված, քան ես:
Նյութն ամբողջությամբ կարդացեք News.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը