Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը հարցազրույց է տվել Aysor.am-ին:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով դատարանին այն քննել սեղմ ժամկետներում։
Դատավորն արդեն հայտնի է, սակայն հայտնի չէ՝ մինչև Ամանոր կքննվի՞ միջնորդությունը, թե՞ ոչ։ Մինչ այդ, սակայն, պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտի 1-ի գործով նախաքննության ընթացքը որակեց «ամոթալի»։ «Շատ անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերվում այսքան կարևոր քրեական գործի նկատմամբ, թույլ են տրվում բազմաթիվ խախտումներ, որոնցից որոշները կոնկրետ նպատակ չեն հետապնդում և պարզապես խախտումներ են», - նշեց Խուդոյանը։
Փաստաբանը ենթադրում է, որ քրեական գործով նախաքննությունը տեղից առաջ չի շարժվում, հակառակ դեպքում վարույթն իրականացնող մարմինը, սովորության համաձայն, հանդես կգար հրապարակային հայտարարություններով։
«Այս պահին գործընթացը կարծես թե սառած է», - ասաց Խուդոյանը։ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքը փաստաբանը խայտառակ ամոթալի է որակում հենց միայն այն պատճառով, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով մեղադրանք չէր կարող առաջադրվել։
«Այս նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նախկինում նաև հայտնի «7-ի գործով» Ալեքսանդր Արզումանյանին, Մյասնիկ Մալխասյանին և ուրիշներին և հատկանշական է, որ այդ մեղադրանքում նշվում էր նաև Նիկոլ Փաշինյանի անունը։ Ես զուտ մասնագիտորեն կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը, եթե այդ փուլում ընդհատակում չլիներ, նրան նույնպես մեղադրանք առաջադրվելու էր։ Խնդիրն այն է, որ այդ հոդվածը 2009-ին փոփոխության ենթարկվեց ու դրա նպատակն այն էր, որ այդ մեղադրանքները դուրս գան այդ անձանց վրայից։ Պատճառներից մեկն այն էր, որ նշված հոդվածն ուներ լուրջ խնդիրներ՝ իրավաբանական տեսանկյունից։ Ի՞նչ տեղի ունեցավ՝ 2009-ին հոդվածում փոփոխություններ տեղի ունեցան և այդ հոդվածից առանձնացվեցին 3 առանձին հոդվածներ։ Այդ անձանց մեղադրանքներից հրաժարվեցին, և դրա հիմնավորման մեջ հստակ նշված էր, որ տեղի է ունեցել օրենքի փոփոխություն։ Հիմա ստացվում է, որ պետական մարմինները նույն հոդվածով մեղադրանք են առաջադրում այս դեպքում», - հավելեց Հովհաննես Խուդոյանը։
Քրեական գործի նախաքննության շրջականերում Ռոբերտ Քոչարյանի հետ առերեսումների մասին փաստաբանն ասաց, որ մանրամասներ չի կարող փոխանցել՝ հաշվի առնելով նախաքննության գաղտնիության պահպանման սկզբունքը։ Նաև ասաց, որ եղել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ առերեսում անցկացնելու փորձ. «Ընդհանրապես առերեսում կատարվում է, երբ անձանց ցուցմունքներում կան հակասություններ, երբ անձանցից մեկը ցուցմունք չի տվել, առերեսում չի կարող լինել։ Չնայած կա Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որի համաձայն, հնարավոր է անցկացնել առերես հարցաքննություն առանց մեկ կողմի ցուցմունք տալու՝ այն պայմանով, եթե դա նպատակ է հետապնդում ապահովել անձի իրավունքը իր դեմ ցուցմունք տված անձին հարցեր ուղղելու։ Այս դեպքում չկա երկու ցուցմունք, և առերեսում կարող է անցկացվել բացառապես իրավունքի ապահովման համար։ Որպեսզի այդ գործողությունն անցկացվի, անձը պետք է դրա մասին նախապես ծանուցվի։ Մենք վարույթն իրականացնող մարմնին բազմիցս դիմել ենք՝ ասելով, որ այս փուլում չվստահելով նրան, հրաժարվում ենք հարցաքննվել։ Այդ պայմաններում վարույթն իրականացնող մարմինը որոշակի հնարքով փորձեց նման գործողություն իրականացնել, բայց մենք չեզոքացրինք՝ ընդհանրապես չմասնակցելով դրան։ Բայց երբ Ռոբերտ Քոչարյանը չի գտնվել քննչական սենյակում, այդ գործողությունը շարունակվել է և ապագայում ներկայացվել է, թե իբր նա այնտեղ է եղել»։
Արշակ Կարապետյանը, հիշեցնենք, 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդգրկված է եղել 0038 հրամանով ձևավորված Երևանի կայազորի պետի վարչակազմում և եղել է կայազորի պետի տեղակալը՝ հատուկ հանձնարարությունների գծով։ Կարապետյանը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016-ի ապրիլյան պատերազմից հետո։ Վերջերս նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրամանով նշանակվել էր վարչապետի խորհդրական։ Անդրադառնալով այս գործով Արշակ Կարապետյանի ցուցմունքին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դա այնքան էլ վատը չէ։
«Արշակ Կարապետյանի ցուցմունքը մասամբ այնքան էլ վատը չէ, որովհետև կոնկրետ մտքեր է արտահայտում, որոնք հաստատում են այն, ինչ մենք ենք ասում։ Ընդամենը մեկ-երկու արտահայտություն կա, որոնք ակնհայտ անտրամաբանական են», - նկատեց Խուդոյանը։ Այդուհանդերձ, ըստ փաստաբանի, կասկածի հիմք է տալիս այն տրամադրվածությունը, որի հիման վրա տրվել են այդ ցուցմունքները։
«Չասեմ՝ դրանք հակասում են մյուս ցուցմունքներին, այլ դրանք ուղղակի իրարամերժ են ու ոչ տրամաբանական, որը գուցե սխալ հիշելու կամ գուցե նաև ուղղորդելու արդյունք լինի», - նկատեց Խուդոյանը։
Քոչարյանի պաշտպանական թիմի անդամը նաև հավանական համարեց այն, որ կլինեն մարդիկ, ովքեր կտան ցուցմունքներ Ռոբերտ Քոչարյանի դեմ, սակայն այլ հարց է՝ դրանք կլինե՞ն արժանահավատ ու ճշմարիտ։
Խուդոյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը